«Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու». Նոր Գեղի համայնքի թիվ 1 դպրոցի տնօրենը՝ զոհված Գարիկ Աճեմյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու». Նոր Գեղի համայնքի թիվ 1 դպրոցի տնօրենը՝ զոհված Գարիկ Աճեմյանի մասին




Կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր, միշտ հարգանքով էր բոլոր ուսուցիչների և ընկերների հետ, առանց ժպիտի որևէ խոսք չուներ, խոսելիս էլ գլուխը թեթև խոնարհում էր: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի թիվ 1 դպրոցի տնօրեն Նոյեմի Բաբախանյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 27-ին հակառակորդի ծավալած մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Գարիկ Աճեմյանի մասին:
«Լավ մարդ էր: Ընտանիքը՝ հայրը, մայրը, աչքի էին ընկնում իրենց համեստությամբ, քուրիկները՝ Սիրանուշն ու Անին, մեր դպրոցում են սովորում, 10-րդ և 5-րդ դասարանում: Բոթի օրը երեխաները դասի էին եկել, դասավանդող ուսուցիչները չէին կարողանում դասարան մտնել ու երեխաներին տեսնել, հարազատները եկան, տարան»,- ասաց նա:

Տնօրենի խոսքով՝ Գարիկ Աճեմյանի եղբայր Կարեն Աճեմյանը ևս զինծառայող է, վերջին օրերն են: «Երկու եղբայրներով Արցախում էին: Պետք է Կարենը վերադառնար, երեկ մեր զինղեկն ասաց, որ հայրիկին զինկոմիսարիատում է տեսել, հավանաբար, գնացել էր, որ Կարենի վերադարձի համար դիմեր: Երևի արձագանք կլինի, պատասխանի մասին բան չգիտեմ»:

Նոյեմի Բաբախանյանը ներկայացրեց, որ վերջին օրերին դպրոցի աշակերտական կազմը շատ լուրջ ու տխուր է, երեխաներն ավելի հասուն ու փոխված հայացքով են: «Երեկ մեր գյուղի եկեղեցին էին բարձրացել, մոմավառություն կազմակերպել: Կդժվարանամ ասել, թե Գարիկն ինչ երազանքներ ուներ, բայց վերջին օրերին երեխաները շատ են գրում, մեջբերում Գարիկի խոսքերը. «Սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու»: Երեխաներն էլ նշում են, որ շատ էներգիայով ու տաքարյուն տղա էր»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։