Լրահոս

«Միջազգային հանրությունը պետք է միավորվի Թուրքիայի և Ադրբեջանի պես բռնապետությունների դեմ». Ալեքսիս Օհանյան




Reddit սոցիալական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ում միջազգային հանրությունը կոչ է արել միավորվել ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի բռնապետությունների։

Օհանյանը կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ, որտեղ ասվում է, որ «Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, և ամբողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»։

«Լսեք ժողովրդավարորեն ընտրված Նիկոլ Փաշինյանի խոսքը. մեր միջազգային հանրությունը պետք է միավորվի Թուրքիայի և Ադրբեջանի պես բռնապետությունների և Արցախում հայ քաղաքացիական բնակչության նկատմամբ նրանց ռազմական գործողությունների դեմ»,- գրել է Օհանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:


Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։