Պողոսի մարմնի ձախ կողմն ամբողջովին վնասված է եղել, մայրը պետք է արյան դոնոր լիներ, բայց արդեն ուշ էր. դպրոցի տնօրենը՝ զոհված զինծառայող Պողոս Սարգսյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պողոսի մարմնի ձախ կողմն ամբողջովին վնասված է եղել, մայրը պետք է արյան դոնոր լիներ, բայց արդեն ուշ էր. դպրոցի տնօրենը՝ զոհված զինծառայող Պողոս Սարգսյանի մասին




Պողոսը վիրավոր էր, երեկ մեր համայնքապետի տեղակալը Պողոսի մայրիկին ասաց, որ երեխայի մարմնի ձախ կողմն ամբողջովին վիրավոր է, պետք է արյուն տա, արյան կարգը որոշեն, որ երեխայի համար արյան դոնոր լիներ: Հիվանդանոցում մորն ասել են, թե սխալ ժամի է եկել, չեն վերցրել, այսօր առավոտյան է գնացել, արդեն ուշ է եղել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնապար համայնքի դպրոցի տնօրեն Վարդանուշ Հովակիմյանը՝ խոսելով համայնքից հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում վիրավորված, ապա նահատակված զինծառայող Պողոս Սարգսյանի (ծնված 2001թ.) մասին:

Տնօրենի ներկայացմամբ՝ Պողոսն ընտանիքի միակ որդին էր, քույրն ամուսնացած է, և իր գալստին էին սպասում բոլորով, մինչև վերջին պահին ծնողներին ոչինչ չէր ասել: «Մորը միշտ հանգստացնում էր՝ մա ջան, մեզ չեն տարել, հանգիստ եղի: Տանկիստ էր»,-պատմեց տնօրենը։

«Գերազանց տղա էր, լավ վարքով, խելացի ու ընդունակ: Դպրոցն ավարտել էր ու ինքն իր ուժերով ընդունվել ԵՊՄՀ-ի Ֆիզիկայի բաժին: Հիմա մեր երեխայի կորստի համար մենք մեր տեղը չենք գտնում. բառեր չեմ գտնում նրան նկարագրելու համար: Դասընկերներին ու դպրոցին նվիրված էր, յուրաքանչյուր միջոցառմանն առաջինն ինքն էր մասնակցում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։