Լրահոս

Հայաստան ուղեւորվող բեռնատարում ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել. Վրաստանի եկամուտների ծառայությունը հերքում է




Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած այն ապատեղեկատվությունը, թե «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Վրաստանի եկամուտների ծառայության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Դեպի Հայաստան ուղեւորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որեւէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել։


Այսօր լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, իբրեւ թե, «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը:

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը:

Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման եւ վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի:

Ընդ որում, հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում, ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման եւ ապրանքի վիզուալ զննության արդյունքում որեւէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, եւ, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել:

Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, եւ այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»։