Անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մասով եւ համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը․ Լավրով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մասով եւ համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը․ Լավրով




Մեր գլխավոր ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մասով եւ համաձայնեցնել հրադադարի վերահսկման այն նույն մեխանիզմը, որի մասին նշված է ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթում, որը դեռեւս ոչ ոք անգամ չի սկսել քննարկել։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսային զրույցում հաստատել է Ղարաբաղում հակամարտության կողմերին Ռուսաստանի ուղերձը զինվորականների մասով հրադադարի վերահսկման անհապաղ համաձայնեցման անհրաժեշտության մասին։

«Մեր հիմնական ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մասով եւ համաձայնեցնել հրադադարի ռեժիմի վերահսկման հենց այն մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել,- ասաց Լավրովը:- Համապատասխան ազդակները ես վերահաստատեցի ուղիղ կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարել էր Ադրբեջանի արտգործնախարարը: Նույն ազդանշանը մենք ուղղում ենք մեր հայ գործընկերներին: Կարծում եմ, որ սա հիմա կայուն հրադադարի բանալին է, ինչից տուժում են քաղաքացիական օբյեկտները, խաղաղ բնակիչները»:

Ռուսաստանի Դաշնությունը չի բացառում, որ ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում: «Հիմա նույնիսկ ոչ թե խաղաղապահները [պետք է մասնակցեն վերիֆիկացման մեխանիզմին], այլ ռազմական դիտորդները, նրանց թիվը բավական կլիներ: Մենք կարծում ենք, որ միանգամայն ճիշտ կլիներ, եթե նրանք լինեին մեր ռազմական դիտորդները, սակայն վերջին խոսքը պետք է կողմերինը լինի: Իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում հաշվի կառնվեն մեր դաշնակցային հարաբերությունները, ռազմավարական գործընկերության հարաբերությունները»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման մեխանիզմը պետք է սկսի աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի իրական շփման գծում Լեռնային Ղարաբաղում: