Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Արցախի խնդրին անդրադարձած իտալացի սենատորին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Արցախի խնդրին անդրադարձած իտալացի սենատորին




Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել իտալացի սենատոր, «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիին, որը հոկտեմբերի 13-ին Իտալիայի հայ համայնքի հետ դուրս էր եկել բողոքի ցույցի՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի:

«Շնորհակալություն սենատոր Սալվինիին, որն իր ձայնն է բարձրացրել հանուն արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի»,- գրել է Մխիթարյանը:

«Չպետք է մոռանանք այն տառապանքներն ու ավերածությունը, որն ապրում է մեզ մտերիմ ժողովուրդը, և որի մասին շատ քիչ է խոսվում: Այսօր Հռոմում ես իմ և Լեգայի աջակցությունն եմ հայտնում հայերի գոյության և խաղաղության իրավունքին: Նրանք առաջինը զգացին ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն իմաստ ունի, պաշտպանեք այս եղբայրներին՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»,- ավելի վաղ հայտարարել էր Սալվինին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Հոկտեմբերի 10-ին կողմերը համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։