Bellingcat-ի մասնագետները հաստատել են, որ ադրբեջանցի զինվորները սպանում են հայ գերիներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Bellingcat-ի մասնագետները հաստատել են, որ ադրբեջանցի զինվորները սպանում են հայ գերիներին




Bellingcat հետաքննությունների բրիտանական հարթակը հրապարակել է լայնածավալ հոդված ադրբեջանական զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության մասին:

Ռազմական հետազոտող Նիք Ուոթերսը Bellingcat քննչական խմբի հետ համագործակցությամբ մանրամասն ուսումնասիրել է երկու տեսահոլովակ, որոնք տարածվել էին Telegram-ում ադրբեջանական ալիքների կողմից, իսկ ավելի ուշ՝ հեռացվել:

Հետազոտողը հայտնաբերել է, որ առաջին հոլովակում ադրբեջանցի զինվորներն, ըստ ամենայնի, գերեւարել են երկու հայի, մինչդեռ երկրորդ հոլովակի զոհերը կարծես նույն մարդիկ են:


Հոդվածում ասվում է, որ առաջին հոլովակն ի սկզբանե տեղադրվել էր ադրբեջանական Telegram-ալիքներում, որտեղ նշվում էր, որ երկու տղամարդ գերեվարվել էր հայ զինվորների կողմից: Նշվում է, որ այդ հրապարակումների մեծամասնությունն ավելի ուշ հեռացվել կամ փոխարինվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, որը պնդում էր, որ տեսանյութերը կեղծ էին:

Տարբեր աղբյուրները վերլուծելու հիման վրա հետաքննիչների խումբն ապացուցել է, որ տեսանյութում զինվորների սաղավարտներն իսկապես ադրբեջանական հատուկջոկատայիններին են պատկանում, իսկ զինվորները զրուցում են միմյանց հետ ադրբեջաներեն: Եւ ադրբեջանական կողմի պնդումները, որ տեսանյութում հայ զինվորներ են, քանի որ նրանցից մեկը կրում է կարմիր փողկապ, իրականությանը չեն համապատասխանում: Հետաքննիչների խումբը ցույց է տվել, որ ավելի վաղ հենց ադրբեջանցի զինվորներին են նկատել կարմիր ժապավենով:

Նշվում է, որ, չնայած երկրորդ տեսահոլովակում հնարավոր չէ տեսնել սպանվածների դեմքերը, նրանց հագուստը համապատասխանում է նույն հագուստին, որը տեսանելի էր առաջին հոլովակում:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ ելնելով մանրազնին վերլուծությունից՝ կարելի է հասկանալ, որ այդ երկու տղամարդիկ իսկապես հայեր էին, որոնք գերեւարվել էին ադրբեջանցի զինծառայողների, ամենայն հավանականությամբ, հատուկջոկատայինների կողմից հոկտեմբերի 9-15-ը, եւ, հավանաբար, կարճ ժամանակ անց՝ սպանվել: