Ինչ է ասել Գեղամ Գևորգյանը. մանրամասներ ուսանողների և ԵՊՀ բուհի ռեկտորի Ժ/Պ–ի աղմկահարույց հանդիպումից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ է ասել Գեղամ Գևորգյանը. մանրամասներ ուսանողների և ԵՊՀ բուհի ռեկտորի Ժ/Պ–ի աղմկահարույց հանդիպումից




Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ղեկավարության և ուսանողների միջև օնլայն քննարկում է անցկացվել կապված միջանկյալ քննությունների չեղարկման վերաբերյալ։ ԵՊՀ որոշ ուսանողներ ֆեյսբուքյան գրառումներով այսօր մեջբերումներ արեցին քննարկումից, թե մայր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ի պատասխան ուսանողների առաջ քաշած հարցերի, որ պատերազմական իրավիճակում կորցրել են հարազատների կամ ունեն առաջնագծում գտնվող հարազատներ, և սխալ է միջանկյալ քննություններ նշանակել ռազմական դրության պայմաններում, հատկապես որ բոլորը գտնվում են հոգեբանական ծանր իրավիճակում, ասել է հետևյալը. «Եթե սովորական ժամանակ մարդ մահանար, դուք գալու ասելու էիք՝ քննություն չտա՞նք,եթե քննությունը հունվարին լինի, կորուստդ կվերադառնա՞...»։

Ուսանողներից մեկն ասել էր, որ խնայած գումարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այդ պատճառով չի մուծել վարձը, ինչին ի պատասխան ռեկտորն ասել է. «Ես հաստատ մեկի հաշվին մյուսին լավություն չէի անի»:

ԵՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումը նախաձեռնել են ուսանողները, որովհետև մինչ այդ համալսարանի ղեկավարությունն առաջարկել էր, որ միջանկյալ քննությունները հետաձգվեն մեկ շաբաթով, քանի որ համալսարանում դասապրոցեսը ուշ է սկսել։

«Մի խումբ ուսանողներ առաջարկում էին, որ ոչ թե հետաձգվեն միջանկյալ քննությունները, այլ ընդհանրապես դրանք չեղարկվեն և թողնեն միայն հունվարի քննությունները։ Ուսանողական խորհուրդը որպես էդպիսին ոչ թե դիրքորոշում է հայտնել, որ կողմ կամ դեմ է այդ հարցին, այլ մենք միայն կիսել ենք էն մտահոգությունը, որ ոչ մեկս չգիտենք, թե այս իրավիճակն ինչքան է տևելու, և վիճակը ե՞րբ է կայունանալու։ Մենք հարթակ էինք առաջարկել, որ էդ մտահոգությունները ունեցող ուսանողները խնդիրները բարձրաձայնեն, ու համալսարանի ղեկավարությունը փորձի լուծումներ առաջարկել»,- ասաց նա։

Խաչիկ Աբաջյանը խոսել այց հանդիպմանը Գեղամ Գևորգյանի հնչեցրած աղմկահարոյց մտքերին։

«Չեմ կարող ասել, թե նման ձևակերպումներով մեջբերումներ եղել են, թե չէ, որովհետև ձայնագրությունները կան։ Դրանց մասին ճիշտ կլինի հարցնել հենց էն ուսանողներին, որոնք գրել են դրա մասին կամ ռեկտորին»,- ընդգծեց ուսխորհրդի փոխնախագահը՝ հավելելով, որ հանդիպումը երկու ժամից ավել է տևել և շատ մտքեր են հնչել։

«Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը առաջ էր տանում էն մոտեցումը, որ հետագան անորոշ է, ուստի մենք հիմա հետաձգելով միջանկյալ քննությունները, չգիտենք, թե հունվարին ինչ կլինի։ Թե կոնկրետ որ հարցին ինչ պատասխան է տվել, անկեղծ էս պահին բառացիորեն չեմ կարող ասել»,- ասաց նա։

Քննարկմանը գիտական խորհրդի անդամներն առաջարկել են, որ քննությունները չեղարկվեն, և մնա միայն հունվար ամսվա քննությունը։ Ըստ Խաչիկ Աբաջյանի՝դա դրվելու է քվեարկության, և համալսարանի գիտական խորհուրդը վերջնական որոշում է կայացնելու։

Հարցին, թե վերջում ընդհանուր հայտարարի եկել են, , ուսխորհուրդի փոխնախագահը բացասական պատասխանեց։

«Համալսարանի ղեկավարությունն ասաց, որ միջանկյալ քննությունները պետք է անցկացվեն, իսկ ուսանողներն իրենցն էին պնդում, որ պետք է չեղարկել քննությունները»,- հավելեց նա։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև մայր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։