Լրահոս

Պուտինը եւ Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը




Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ձեռնարկվող քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու եւ բանակցությունները շուտափույթ վերսկսելու ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով: Ընդգծվել է հրադադարի հակամարտող կողմերի հոկտեմբերի 10-ին եւ 17-ին ձեռք բերած պայմանավորվածությունների պահպանման կարեւորությունը: Ընդգծվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամության մասին:

Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության` ֆրանսերենի ուսուցչի բարբարոսական սպանության կապակցությամբ: Այս համատեքստում նրանք վերահաստատել են իրենց փոխադարձ հետաքրքրությունը ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերն ակտիվացնելու հարցում: