Լրահոս

Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է «Արցախի հերոսի» կոչման



«Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն, hաղորդավար Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» կոչման։ Այս մասին Արայիկ Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։


«Սիրելի ՛ հայրենակիցներ

Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին…

Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի…

Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին:

Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին:

Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին:


Հ.Գ.

Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը»,– գրել է նա:

Նշենք՝ հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ավելի վաղ հակառակորդի ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ-վարող Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը։ Ավելի ուշ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարեց՝ «կես ճանապարհին չկանգնեք, բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից, սա որդեկորույս մայրերի միակ պահանջն է»։

«Բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որեւէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որեւէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք հաղթելու ենք»,- գրել էր նա։