Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դարձավ 40 տարեկան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դարձավ 40 տարեկան




Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ամերիկաբնակ համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է: Այս տարի լրանում է նրա 40 ամյակը:

Հայկական արմատներով հեռուստատեսային դեմքը ծնվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Նրա հայկական արմատները հոր կողմից են: Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջենները: Քիմն ունի երկու քույր և մեկ եղբայր: Նա նաև ունի երկու խորթ քույր:

Քարդաշյանն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Դեյմոն Թոմասի հետ, երկրորդը՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի, սակայն ամուսնությունից 72 օր հետո նրանք բաժանվել են: Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ, եւ 2014 թվականի մայիսին Քիմն ու Քանյեն օրինականացրել են հարաբերությունները:

2015 թվականի ապրիլին Քիմը քրոջ՝ Քլոեի, ամուսնու՝ Քանյեի և երեխաների հետ առաջին անգամ այցելեց Հայաստան: Այդ այցելության ընթացքում նրանք եղան Հայաստանի մի շարք վայրերում՝ Գառնու հեթանոսական տաճարում, Գեղարդի վանական համալիրում, Գյումրիում, ինչպես նաև այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ: Նրանց այցը Հայաստան ակտիվորեն լուսաբանում էին միջազգային մի շարք լրատվամիջոցներ՝ գրելով նաև Հայոց ցեղասպանության մասին: Քիմ Քարդաշյանի հաջորդ այցը Հայաստան եղավ 2019 թվականին, որի ժամանակ Քարդաշյան քույրերն իրենց երեխաներին մկրտեցին Էջմիածնում:



Նշենք, որ Քարդաշյան ընտանիքի անդամները, մասնավորապես՝ Քիմ Քարդաշյանը, մշտապես ակտիվորեն հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին և շատ դեպքերում նաև արձագանքում: Հիշեցնենք, որ Արցախում Ադրբեջանի հրահրմամբ սկիզբ առած պատերազմի առաջին իսկ օրերից Քարդաշյաններն իրենց սոցիալական հարթակաների մեծ լսարաններն օգտագործում են՝ աշխարհին և միջազգային հանրությանը ներկայացնելու իրականությունը՝ կոչ անելով դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսին Արցախի բնակչության նկատմամբ: Քիմը նաև 1 մլն դոլար հանգանակություն կատարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացված հաշվեհամարին, որտեղ հավաքված գումարը ծառայելու է Արցախի կարիքների համար:


Համաշխարհային հեռուստաաստղը ավելի քան 30 մլն հետեւորդ ունի «Ֆեյսբուքում»: «Ինստագրամում» նրան հետեւում է 178 մլն, իսկ «Թվիթերում»՝ ավելի քան 65 մլն օգտատեր: