ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ-ում արտասահմանցի գրոհայինների ներկայության հարցը, մեզ համար սա իսկապես լուրջ խնդիր է. Զախարովա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ-ում արտասահմանցի գրոհայինների ներկայության հարցը, մեզ համար սա իսկապես լուրջ խնդիր է. Զախարովա




Ռուս ռազմական փորձագետները խիստ վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին արտասահմանցի գրոհայինների մասնակցության հարցը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներն այդ հարցը խիստ հսկողության տակ են պահում: Այն մեզ անհանգստացնում է, այդ մասին արդեն ասել ենք, այդ թվում և հրապարակավ: Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ ոչ հրապարակավ ակտիվ աշխատանքներ են տարվում: Մեզ համար սա իսկապես լուրջ խնդիր է»,- ասել է Զախարովան:

Դիվանագետը մասնավորեցրել է, որ Ռուսաստանն այդ հարցով աշխատանք է տանում նաև արտաքին քաղաքական, դիվանագիտական ալիքներով: «Այդ աշխատանքը հասարակության կողմից հավելյալ ուշադրություն չի պահանջում: Մենք պարզ հասկանում ենք այդ խնդրի հնարավոր հետևանքներն ու հաշվարկում ենք դրանք»,- հավելել է Զախարովան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 874 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։