Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն իրենց հետ համատեղ կգործի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն իրենց հետ համատեղ կգործի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում




Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Պուտինը հայտնել է «Վալդայ» ակումբի նիստում:

«Երկու երկրների ԱԳ նախարարները հերթական անգամ եկել էին մեզ մոտ (Մոսկվա): Ամսի 23-ին նրանք հանդիպում են Վաշինգտոնում: Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ հետ համատեղ, կօգնեն հակամարտության կարգավորմանը»,- ասել է ՌԴ առաջնորդը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։


Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 874 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։