Լրահոս

Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանից հարազատները 11 օր է՝ տեղեկություն չունեն․ նա և եղբայրը ռազմաճակատ էին մեկնել




Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանից հարազատներն արդեն 11 օր է՝ որևէ տեղեկություն չունեն։ Նա՝ հոկտեմբերի 12-ին, իսկ եղբայրը՝ Միհրան Խոդերյանը՝ հոկտեմբերի 6-ին որպես կամավոր մեկնել էին ռազմաճակատ։ NEWS.am-ի հետ զրույցում 22-ամյա Հովհաննեսի քույրը՝ Նելլի Խոդերյանը մանրամասներ պատմեց եղբոր անհետացման մասին։

«Հոկտեմբերի 16-ին Հադրութում 26 հոգի շրջափակման մեջ են ընկել, այդ թվում եղբայրներս՝ Միհրանն ու Հովհաննեսը։ Միհրանի պատմելով՝ «Հովհաննեսի զենքը չէր կրակում, մենք մագազին էինք տալիս, որ լիցքավորի», հետո երբ տեսել են, որ թշնամին դեպի իրենց է գալիս, Հովհաննեսը վազել է, իրեն ուսից վիրավորել են։ Ընկերներից մեկը փորձել է Հովհաննեսին տանել ծառի մոտ, որ թաքցնի։ Այդ ընթացքում ինչ-որ պայթյուն է եղել, որից Միհրանն ուշաթափվել է, հետո, երբ զարթնել է՝ տեսել է, որ իրեն հետ են քաշում, գոռացել է՝ Հովհաննեսն էնտեղ մնաց, բայց չեն կարողացել հետ գնալ»,- պատմում է Նելլին։

Հովհաննես Խոդերյանի հարազատները դիմել են պատկան բոլոր մարմիններին, որպեսզի որևէ լուր ստանան նրանից, սակայն ապարդյուն։ Ըստ Նելլիի՝ զոհվածների ցանկում եղբոր անունն առ այսօր չկա։ Բժշկական կենտրոններում ևս փնտրել են, սակայն կրկին՝ անարդյունք։

«Ոչ մի լուր չկա, ո՛չ զոհվածների ցանկում անունը կա, ո՛չ վիրավորների, ո՛չ էլ այն վայրից, որտեղ վերջին անգամ իրենք եղել են, անգամ տեղեկություն չունենք՝ արդյոք վիրավորներ կա՞ն, դո՞ւրս են եկել, զոհվածներին հանե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց Նելլին։


Միհրանը հիմա տանն է, բուժօգնության կարիք չունի, սակայն ծանր հոգեբանական վիճակում է գտնվում։

«Միհրանն ասում է՝ ես վստահ եմ, որ եղբայրս ողջ է, որովհետև միայն ուսն էր վիրավորվել, իսկ դա մահացու վիրավորում չի եղել»,- հավելեց Նելլին։