Լրահոս

Այս գիշեր մահացել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը




Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նաեւ հավելել է. «Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին հայկական կողմը հերքել էր ադրբեջանական կողմի պնդումը, թե հայկական կողմը հրաժարվել է ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։

«Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Նրա տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը»,-նշել էր ՀՀ ՄԻՊ-ը: