Կարմիր խաչն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին այցելելու աշխատանքներ է տանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարմիր խաչն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին այցելելու աշխատանքներ է տանում




Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին այցելելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Դրան զուգահեռ կազմակերպությունը փորձում է պարզել՝ արդյոք տվյալ անձը գերի է Ադրբեջանում։

Այս մասին «Հետք»-ին հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

Երեկ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել էր, որ այս պահին առկա նախնական տվյալներով՝ Ադրբեջանի կողմից գերեվարվել է 21 հայ զինծառայող։ Սակայն, ըստ նրա, տվյալները պարբերաբար փոփոխվում են, կա ևս երկու անձի վերաբերյալ տեղեկություն, որը դեռևս ճշտվում է։

Զառա Ամատունին չմանրամասնեց, թե իրենց տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետևանքով քանի հայ գերի կա Ադրբեջանում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին այցելել են հոկտեմբերի 18-19-ին։ Նրանք տեսակցել են չորս ռազմագերու՝ երեք զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի։ Դրանից հետո Կարմիր խաչն այցելություններ չի կատարել, տեղեկատվությունը հիմնականում փորձում է ճշտել կողմերի հետ աշխատանքի ընթացքում՝ նրանց նաև կոչ անելով՝ տրամադրել ամբողջական տվյալներ, որպեսզի որպես չեզոք միջնորդ՝ կարողանան այլ ռազմագերիների ևս տեսակցել։

Հարցին՝ ինչու՞ մինչ օրս չեն կարողացել այցելել հայ ռազմագերիներին՝ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատուն նշեց՝ ռազմագերիներին այցելելու թույլտվութունը պետք է տան կողմերը։ «Իհարկե կան որոշակի պարտավորություններ միջազգային մարդասիրական օրենքներով՝ թույլատրել Կարմիր Խաչի պատվիրակներին այցելել ռազմագերիներին։ Նման պարտավորություններ կողմերը ունեն, սակայն իրենց որոշումով է, որ կազմակերպությանը թույլ տան այցելություններ կատարել, տեսակցել։ Իհարկե մեր երկխոսությունը ընթացքում է, որի բովանդակային մասը ես չեմ կարող մեկնաբանել, սակայն կողմերի հետ այդ հարցին անդրադառանում ենք»,- ասաց Զառա Ամատունին։