Եթե ես ԱՄՆ-ից ճանապարհ եմ գտել հայտնվելու ռազմաճակատում, յուրաքանչյուրը կարող է գտնել. ամերիկահայ բժշկի պատմությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եթե ես ԱՄՆ-ից ճանապարհ եմ գտել հայտնվելու ռազմաճակատում, յուրաքանչյուրը կարող է գտնել. ամերիկահայ բժշկի պատմությունը


 

Շաբաթ երեկո էր, երբ ամերիկաբնակ Ալիկ Գևորգյանը ընկերների հետ ընտանեկան հավաքի ժամանակ լսեց, որ Արցախում պատերազմ է սկսվել։ ԱՄՆ-ում տասը տարուց ավելի բնակվող դիմածնոտային վիրաբույժը որոշել էր՝ եթե ռազմական գործողությունները երկար տևեն, ապա վերադառնալու է հայրենիք ու իր մասնագիտական գործունեությունն իրականացնի ռազմաճակատում։

Օրեր անց Հայաստան եկավ ու հոկտեմբերի 9-ին արդեն ռազմաճակատում էր։

«Կինս փոքր-ինչ անհանգստացավ որոշմանս համար, քանի որ երեք բալիկ ունեմ, ինչպես յուրաքանչյուր կին արձագանքեց, թե արդյոք լա՞վ ես մտածել երեխաներին թողնել ու գնալ մի վայր, որտեղ անվտանգ չէ։ Պայմանավորվեցինք, որ ես անպայման պիտի մեկնեմ, Հայաստանը հայրենիքս է, որտեղ ես ծնվել, կրթություն եմ ստացել, անցկացրել երիտասարդ տարիներս, այստեղ հարազատներ ունեմ, հաշվի առնելով նաև այն, որ քրոջս որդին ժամկետային ծառայող է և գտնվում է ռազմաճակատի առաջնային գծում, չկարողացա ինձ իրավունք վերապահել ու չգալ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց բժիշկ Գևորգյանը։

Մինչեւ Հայաստան գալը Ալիկն ընկերների հետ Լոս Անջելոսում թե՛ դրամահավաք է կազմակերպել, թե՛ բժշկական սարքավորումներ հավաքել, որպեսզի դրանք ուղարկեն Հայաստան։ Հայրենիք գալուց էլ ձեռնունայն չի եկել, առաջին անհրաժեշտության պարագաները, որոնք ռազմի դաշտում պետք կլինեին, իր հետ բերել է։

«Հոկտեմբերի 9-ին արդեն Երևանում էի, նույն օրն էլ մեկնեցի ռազմաճակատ, ինձ դիմավորեց վաղեմի ընկերս՝ Արեն Եսայանը։ Ինձանից բացի այլ բժիշկներ ևս կային, միավորվեցինք, մի մեծ հարվածային թիմ դարձանք, որը կկարողանար պայքարել բազմապիսի ծանր վնասվածքների դեմ, ապահովեցինք մաքսիմալ բարձր բուժսպասարկում, որի արդյունքում ունեցանք բազմաթիվ փրկված կյանքեր, շատ մարդիկ խուսափեցին հաշմանդամությունից»,- ասաց բժիշկը։

Օրերս Ալիկ Գևորգյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում բժիշկներին կոչ արեց, որ գործիքները վերցնեն ու ռազմաճակատ մեկնեն, քանի որ այնտեղ նրանց կարիքը շատ է զգացվում։

«Բազմաթիվ արձագանքներ եմ ստացել, տարբեր բժշկական հաստատություններից զանգեցին, հարցրեցին, թե ինչպե՞ս է կարելի կազմակերպել այդ ամենը։ Իմ խորհուրդը եղել է ինքնակազմակերպվելը, եթե ԱՄՆ-ից ես ճանապարհ կգտնեմ հայտնվելու ռազմաճակատում՝ ցուցաբերելու բժշկական օգնություն, կարծում եմ, որ յուրաքանչյուր բժիշկ իր ծանոթության շրջանակներում կարող է գտնել համապատասխան ճանապարհ և մասնակցել մեր զինվորների առողջության վերականգնման գործին։ Գտնվելով ռազմաճակատում բժիշկները 24-ժամյա ռեժիմով աշխատում են, դու երբեք չես կարող ենթադրել, թե որ պահին քանի զինվոր կտարհանվի դեպի հոսպիտալ։ Աշխատելով այդ ռեժիմով, բժշկական այն խմբերը, որոնք տեղակայված են առաջնագծում պարզապես սկսում են հոգնել, ու բժշկական որակը այդ հոգնածության պատճառով կարող է ընկնել։ Կոչս զուտ նրա համար էր, որ բարձր պահենք այդ որակը»,-ընդգծեց Ալիկ Գևորգյանը։

Բժշկի կոչին արձագանքել են նաև շարքային քաղաքացիները, որոնք զինծառայողների համար հագուստ են գնել, բժիշկն իր հետ դրանք կտանի ռազմաճակատ։

«Պետք է հավատալ հաղթանակին, պետք է ամեն մեկս մեր լուման ներդնենք այս պատերազմի մեջ, որպեսզի ունենանք հաղթական ավարտ։ Պետք չէ վհատվել, հուսահատվել, պետք չի զբաղվել ինքնաքայքայման գործունեությամբ, այլ պետք է համախմբվել և պայքարել, որպեսզի Հայաստանը հաղթանակ ունենա, և այդ հաղթանակը անսասան պահենք»,- հավելեց ԱՄՆ-ից վերադարձած բժիշկը։

Ալիկի ընկերը՝ անոթային վիրաբույժ Արեն Եսայանը պատերազմի առաջին օրերից առաջնագծում է։ Ապրիլյան պատերազմից հետո որոշված էր՝ որ պահին էլ պատերազմը վերսկսվի՝ ինքն իր մասնագիտական պարտականությունը ռազմաճակատում է կատարելու։

«Առավոտյան արթնացանք, պատերազմի լուրն իմացանք, մայրս նույնիսկ չհարցեց՝ գնո՞ւմ եմ, թե՞ ոչ, իրերս հավաքեցինք ու հնարավորինս շուտ շարժվեցի»,- պատմեց նա։

Առաջնագծում զինվորների տրամադրությունն ըստ Եսայանի՝ մարտական է, վճռական են տրամադրված։ Երբ որևէ մեկի վնասվածքը ծանր չէ, ապա տղաները բժշկից պահանջում են՝ արագ բուժեք, գնանք մարտական ընկերների մոտ։

«Նման դեպքեր շատ են լինում, մեր մոտ էդպիսի տղաներին ասում ենք՝ գազաններ»,- ծիծաղելով նշում է անոթային վիրաբույժը։

Արենն ու Ալիկը (վերջինս տեսակապով,-հեղ․) դեռ երեխաների կարոտը չառած՝ առաջիկա օրերին կրկին առաջնագծում կլինեն։ Ալիկի որոշումը վերջնական է՝ մինչև պատերազմը չավարտվի՝ ինքը Միացյալ նահանգներ չի վերադառնա։