Կարեն Գիլոյանն՝ Արցախից․ Միհրանն այստեղ մեծ գործ է անում՝ խիզախ, անվախ եւ պատրաստ ամեն ինչի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարեն Գիլոյանն՝ Արցախից․ Միհրանն այստեղ մեծ գործ է անում՝ խիզախ, անվախ եւ պատրաստ ամեն ինչի




Մենք հաղթելու ենք ու ես այստեղից գոռալու եմ հաղ-թա-նակ: Սպասեք եւ տեսեք, թե ինչպես եմ գոռալու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արցախից ասաց սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը:

Հոկտեմբերի 5-ին ռուսական WarGonzo հաղորդման ռուս վիդեոբլոգեր Սեմյոն Պեգովը տեսանյութ հրապարակեց Շուշիի համար մղվող մարտերից։ Տեսանյութում երեւում է՝ ինչպես է պաշտպանության բանակը Քարին Տակի մոտ տարածքը մաքրում դիվերսիոն խմբերից: Մարտերի ժամանակ Սեմյոն Պեգովի հետ Քարին Տակում էին նաեւ սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանն ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը, որոնք նույնպես ընկնում են կրակի տակ։

«Այն ինչ ցուցադրված էր տեսանյութում, ամենամեղմ դրվագներն էին: Այն ինչ տեղի էր ունենում Քարին Տակում, ամենահզոր մարտաֆիլմերում էլ չես տեսնի: Մենք չէինք գնացել այնտեղ մարտերին մասնակցելու, կռվելու: Մենք բոլորով ուղեկցում էինք Սեմյոն Պեգովին: Այն հատվածում, երբ նստեցինք ավտոմեքենան եւ վիդեոբլոգերը stand-up էր անում, երեք րոպեի տարբերությամբ, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ էր կատարվում, աննկարագրելի էր:

Յուրաքանչյուրս էլ պատրաստ էինք մարտերին մասնակցել, բայց մեզ բնական է՝ թույլ չտվեցին: Միհրան Հարությունյանը եկել է, բոլոր զինվորների կողքին է, զենքը ձեռքին՝ պատրաստ ցանկացած պահի կռվել հանուն հայրենիքի: Միհրանը մի ձեռքով մեքենան էր վարում, որ բոլորիս անվնաս դուրս բերի այդ հատվածից, մյուս ձեռքով՝ կրակում: Ի դեպ, Միհրանն իր մեքենայով էր եւ այստեղ մեծ գործ է անում, ինչպես միշտ խիզախ, անվախ եւ պատրաստ ամեն ինչի:

Արցախում բոլորիս տրամադրությունը շատ բարձր է: Կանոնավոր բանակի զինվորներն ամուր կանգնած են իրենց դիրքերում՝ անվախ, հզոր ու մինչեւ վերջ նվիրված: Նախքան կրակի սկսելը բոլորի հետ զրուցում էինք, լուսանկարվում՝ հումորով, կատակներ անելով, մարտական տրամադրությամբ:

Մեզ ոչինչ չի պատահել, որեւէ մեկը չի վիրավորվել, անվնաս դուրս ենք եկել այդ տարածքից: Բայց եւս մեկ անգամ շեշտեմ՝ շատ ուժեղ մարտեր եղան այդտեղ:

Մեզ հետ տեղափոխած վիրավոր զինվորին էլ բարեհաջող հասցրինք հիվանդանոց: Ոտքից էր վիրավորվել: Նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,- պատմեց Կարեն Գիլոյանը:

Նշենք, որ Կարեն Գիլոյանն ու Միհրան Հարությունյանը մի քանի օր առաջ օգնություն էին տարել Արցախ եւ դեռ այնտեղ են։ Սա սպորտային մեկնաբանի երկրորդ այցելությունն է Արցախ մեկ ամսից ավելի տեւող պատերազմում: Միհրան Հարությունյանն Արցախում է հոկտեմբերի 28-ից: Օլիմպիական փոխչեմպիոնն Արցախում է MMA մարտիկ, ռուսաստանաբնակ Էդուարդ Վարդանյանի հետ: Մարտիկները հումանիտար օգնություն են ցուցաբերում բանակին եւ արցախցիներին։ Ի դեպ, այդ կապակցությամբ օլիմպիական փոխչեմպիոնը նախաձեռնել է դրամահավաք իր անձնական հաշվեհամարով՝ 4274 2780 7617 6455: Օրերս մարտիկները ներկայացրին հումանիտար օգնության արդյունքում ձեռք բերված առաջին խմբաքանակը՝ դեղորայք, սնունդ, տաք հագուստ, քնապարկեր եւ երեք ավտոմեքենա՝ քաղաքացիական ծառայությունների համար: Առաջին խմբաքանակն արդեն փոխանցվել է Ստեփանակերտի քաղաքապետարանին:

«Առաջին օրերին այստեղ էի: Այդ ժամանակ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ ծանոթ էինք, բայց ոչ մտերիմ: Երբ իր առաջին այցելության ժամանակ ինձնից հարցազրույց վերցրեց, շփվեցինք, մտերմացանք: Նրան ճանապարհեցի Մոսկվա, ապա, վերադարձին դիմավորեցի եւ Երեւանում պայմանավորվեցինք հանդիպել Արցախում: Երկու օր անց կրկին մեկնեցի Արցախ՝ հումանիտար օգնություն բերեցի: Արդեն Սեմյոնի հետ պայմանավորվեցինք միասին մեկնել մարտական դիրքեր՝ օգնելու իրեն նկարահանումներ իրականացնելիս: Քարին Տակ գնալիս էլ նույն նպատակով էինք միացել ռուս վիդեոբլոգերին եւ այդպես հայտնվեցինք իրադարձությունների կիզակետում:

Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթելու ենք: Հաղթանակ եմ գոռալու այստեղից, տեսեք, թե ինչպես եմ գոռալու...»,- ամփոփեց Կարեն Գիլոյանը: