«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը




Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պատրաստվում է վանքից տեղափոխել անհրաժեշտ իրերը, քանի որ Քարվաճառը շուտով Ադրբեջանին է անցնելու։ Տեր Հովհաննեսն այժմ Արցախից գալիս է Երևան, որպեսզի ավտոմեքենաներ վերցնի ու Քարվաճառ գնա։

-Ո՞նց եք,–հարցնում եմ տեր Հովհաննեսին։

–Ո՞նց պետք է լինենք. մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք... Դադիվանքը թողեցինք ու դուրս եկանք, ո՞նց պետք է լինենք,–պատասխանում է նա։
Տեր Հովհաննեսն ասում է, որ Դադիվանքից տեղափոխելու շատ բան կա` եկեղեցու սպասքը, ասեղնագործ խաչքարերը վաղը պետք է տեղափոխեն, որ թուրքը չգա ու պղծի։ Բայց ամենակարևորը եկեղեցին է, որը տեղափոխելու ենթակա չէ։

Հիմա արդեն Քարվաճառի բնակիչներն են իրենց տները դատարկում... Հոգևոր հովիվն ասում է` ժողովուրդը նորից գաղթի ճանապարհը բռնեց. հայի ճակատագիրն այդպես է։

«Սիրտս ցավում է, չգիտեմ»,–ասում է տեր հայրը։
Թե ինչ է անելու հետո`տեր Հովհաննեսը չգիտի, արդեն միևնույնն է իր համար...

Դադիվանքի վանահայրը, որը 1993-ին անձամբ է մասնակցել Քարվաճառի ազատագրմանը, որդիների հետ պայքարել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, այս օրերին էլ զենքը ձեռքին է եղել։ Ասում է` ամեն ինչին պատրաստ էր, բայց ոչ այս ելքին։

«Քարվաճառն ազատագրելուց հետո տեսանք, որ Դադիվանքը գոմ էին դարձրել. մաքրել ենք, վերաօծել, իսկ այսօր սկուտեղի վրա մատուցում ենք թուրքին։ Մենք լավ պահել–պահպանել ենք, հիմա թուրքին ասում են` ինչ ուզում եք, արեք հետը։ Դա ինչքանո՞վ է ճիշտ։ Եթե մենք էլ լռենք, քարերը պետք է աղաղակեն»,–ասում է տեր Հովհաննեսը։

Հոգևոր հովիվը չգիտի` զոհված տղաների մայրերին ի՞նչ պատասխան ենք տալու հիմա, ի՞նչ պետք է ասենք. ինչի՞ համար են զոհվել իրենց տղաները, հենց էնպե՞ս են զոհվել։

Հոգևորականին հետաքրքրում է նաև` եթե պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման որոշում կայացներ, ապա ինչո՞ւ դա արվեց այսքան զոհ ու վիրավոր ունենալուց հետո։

Հարցին, թե այս իրավիճակում ի՞նչ ելք է տեսնում, տեր Հովհաննեսը պատասխանում է, որ ամեն մի վայրկյան կարող է մեծ բան փոխվել, և դա կապված է դիվանագիտության և քաղաքականության հետ։

«Դա կախված է մեկ մարդուց, և ինչպես Փաշինյանն էր ասում` ՀՀ–ի և Արցախի ճակատագիրը կախված էր մեկ մարդուց, և այդ մեկ մարդը, փաստորեն, ինքն էր։ Ողբամ քեզ, իմ հայ ժողովուրդ։ Մեղք է ժողովուրդը»,–իր խոսքն ամփոփեց տեր Հովհաննեսը։

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։