Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար. Նիկոլ Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար. Նիկոլ Փաշինյան



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով քիչ առաջ խոսեց երկրում ստեղծված իրավիճակի մասին։

Նա, մասնավորապես, նշեց.

«Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար։ Ես պլանավորում եմ առավել մանրամասներ ասել, թե ինչու, ինչն էր պատճառը։ Այս վերջին մեկ ամսում տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսել մանրամասն հիմա ես դա անել չեմ կարող, որովհետեւ հիմա այդ ռազմական գործողությունների դադարեցումը պրոցեսի մեջ է, եթե հիմա ասեմ ինչ-որ բաներ, կարող եմ վտանգել մարդկանց։ Եթե ասեմ ինչ-որ բաներ, կարծում եմ՝ շատերին շատ բան պարզ կլինի, հիմա ուղղակի չեմ կարող ասել։

Այսօր նրանք, ովքեր ջարդուփշուրներ են անում, նրանք հիմա թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին։ Ի դեպ, ուզում եմ ասել՝ այսքան ժամանակ խոսվել է՝ վայ, բանակի եւ քաղաքական ղեկավարության միջեւ առկա է հակասություններ։ Այսօր ընդդիմադիր մի քաղաքական գործիչ կա, որն իմ հրաժարականն է նաեւ պահանջել, երեկ չէ առաջին օրը թողել է Շոշի դիրքերն ու փախել, գեներալի ուսադիրներով, էսօր եկել ու ասում է՝ մենք մեր բանակի կողքը կանգնած ենք, բա ինչի՞ ա փախել։ Ես համոզված եմ՝ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաեւ այդպիսի մարդիկ։ Գիտեմ, որ կան շատ մարդիկ, որոնք մտադրություններն ազնիվ են եւ արդար։ Գիտեմ, որ կան նաեւ զոհված մեր եղբայրների հարազատները։ Ես ասել ու ասում եմ, որ ծնկի եմ իջնում այդ մարդկանց առաջ, նրանց հարազատների, մայրերի, հայրերի, քույրերի, երեխաների առաջ։

Այսօր ինձ ասացին, որ այս դեբոշներ սարքողների մեջ կան օրինակ՝ օլիգարխների հանցավոր խմբեր, էդ էն մարդիկ են, ովքեր 20 տարի գողացել են զինվորից, բանակից, 20 տարի հարկ չեն վճարել, էսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում։ Էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երեւանում, Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ, Շուշին վտանգված լինելու մասին կոչերը չե՞ն լսել, օգնելու աղաղակները չե՞ն լսել. ինչ գործ ունեն Երեւանում կամուֆլաժով, մեկը կարա՞ ինձ բացատրի։ Պատեհ առիթ է իրենց համար դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։

Էսօր գիտե՞ք ինչի համար են այդպես ազատ մտնում այստեղ-այնտեղ ջարդուփշուր անում, որովհետեւ ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա դիրքերում են, որդիս էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում, եւ ես հպարտ եմ դրա համար։

Հասկանում եմ, որ պետք է բովանդակային եւ մանրամասն բացատրություններ տամ։ Այդդ բացատրությունները ես այսօր էլ եմ պատրաստ տալ։ Ռազմական դրության պայմաններում եւ պատերազմի պայմաններում ամեն ձեւակերպած նախադասությունը ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա։

Ուզում եմ՝ մի բան հասկանանք այս որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում եւ այն մարդկանց գնահատականի եւ նրանց լսելու արդյունքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։

Պետք է հասկանանք մի բան, որ մեր փառապանծ բանակն այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրոդ բանակի եւ Ադրբեջանի դեմ։ Ինչու չենք կարողացել այնպես անել, որ այսօրվա թուղթն ուրիշ բովանդակություն ունենա, որովհետեւ 25 տարի սեղանի շուրջ խմել ենք մեր զինվորի, բանակի կենացը եւ այդ օղին, գինին, սեղանի դրված հացը, որոշ մարդկանց մասին է խոսքը, գնված է եղել գողացած փողով։ Մենք իմացել ենք, որ գողացած փողով է գնված այդ հացը, բայց ախորժակով կերել ենք, հավեսով խմել ենք, հոտնկայս խմել ենք զինվորի կենացը, զինվորին պահել ենք թերմացքներով, զինվորին պահել ենք 80-ականների զենքերով, մեր հույսն այն է եղել, որ բանակցային գործընթացում կռուտիտ կլինենք. լավ, 5 տարի կռուտիտ եղար, 10 տարի կռուտիտ եղար, 15 տարի կռուտիտ եղար, ինչքա՞ն կարելի է կռուտիտ լինել, դրա վերջն ի վերջո գալիս է։ Երբ դու այդ վերջի մասին չես մտածում, եւ բոլորս այդ վերջի մասին չենք մտածել։

Նրանք ովքեր ի պաշտոնե պարտավոր էին մտածել, չեն մտածել, մենք էլ կողքից չենք արձանագրել, որ մենք գլորվում ենք էս օրը։ Ես իմացել եմ դա, որովհետեւ առաջին օրից տեղեկացել եմ բանակցային բովանդակությանը։ Բանակցային բովանդակությանը մի վիճակում, որտեղ կռուտիտների բոլոր ռեսուրսներն այլեւ սպառված են։ Այսօր այդ դեբոշ անողների մեջ այդ շրջանակների ներկայացուցիչներ էլ կան, որ սպառված են։

Եվ ես ինչ եմ արել, ոչ թե գնացել եւ այդ բանակցային ժառանգությունը վերցրել եւ ասել եմ՝ ես հիմա կանեմ այդ ժառանգության արդյունքները, այլ ես փորձել եմ պատրաստվել այս օրվան։ Ամեն ինչ արել եմ դրա համար, ինչ հնարավոր էր անել 2,5 տարում եւ մեր բանակը 44 օր պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ։

Ես մեր նահատակներից ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողացել իրենց գործը շարունակել եւ պաշտաճ մակարդակով շարունակել, բայց մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը:

Ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին՝ տուրք չտալ ջարդարարների խմբերին։ Ես իմացա արդեն այնտեղ ովքեր են, հայտնի կուսակցական շրջանակներ։ Մարդ կա այդ կուսակցական շրջանակներից, որ հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը 80 միլիարդ դրամի պարտավորություն ունի, որը պետք է դառնար զենք, տեխնիկա, գիտություն, անօդաչու թռչող սարք։ Այսինքն՝ դա ավելին է, քան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած փողը։ Այդ մարդիկ 2,5 տարի լցվել են՝ ատամները կռճտացնելով, թե ոնց եղավ, մեր թալանելու հնարավորությունները կորցրեցինք։ Այո, ես ընդունում եմ, որ մենք այդ 2,5 տարվա ընթացքում չենք արել այն չափի կոռուպցիոն գումարների վերադարձ, որ պետք է անեինք։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել օրինական մեթոդներով։ 25 տարի ՀՀ օրենքները գրվել են այնպես, որովհետեւ կոռուպցիոն համակարգ է գործել, որ առաջին հերթին պաշտպանեն կոռուպցիոն համակարգը։

Ես ցավում եմ, որ հիմա մանրամասն չեմ կարող խոսել այս ամեն ինչի մասին, որովհետեւ իրավիճակը ռազմաճակատում դեռ կայուն չէ։ Կարեւոր է, որ հիմա մենք այնպես չանենք, որ վնաս չտանք։ Հասկանում եմ էմոցիաները, այո, էմոցիաները պետք է արտահայտվեն, դուրս գան։

Նա ով պատասխանատու է, պատասխանատվությունից չի փախչի, այդ թվում՝ ես։

Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ չտրվել սադրանքների։ Ուզում եմ՝ դուք իմանաք եւ վստահ լինեք մի բանում, որ ես՝ ինքս, մեր Կառավարությունը, մեր իշխանության ներկայացուցիչները հնարավոր ամեն ինչ արել են, որ մենք այսպիսի արդյունքի չհանգենք։ Ինչո՞ւ դա չի ստացվել, հենց դա է ամենակարեւոր խնդիրը, որի մասին էլ պետք է տեղի ունենա մանրամասն խոսակցություն։

Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում են, շնորհակալ եմ ովքեր չեն հավատում։ Ակնկալիք ունեմ, որ նրանք կլսեն եւ հետեւություններ կանեն դրա արդյունքում։

Այսօր մենք մարզպետների ջոկատներ ունենք, որոնք դիրքերում կանգնած են։ Ընդ որում, մի մասը ջերմության մեջ են։ Գիտե՞ք իրենք ինչու են դիրքերում ջերմության մեջ կանգնած, որովհետեւ այսօր դեբոշ անող որոշ մարդիկ չեն գնում եւ չեն գնացել իրենց դիրքում փոխարինելու։ Մարդն ինչքա՞ն կարող է կանգնել։ Սրանում է ամբողջ խնդիրը։

Այսօրվա հանցագործության բոլոր կազմակերպիչները ենթարկվելու են խստագույն պատասխանատվության։ Դիրքերից փախածները, ովքեր գնում են «Ֆեյսբուքում» նկարվում են, հետո երբ մարտական իրավիճակ է լինում, արագ թողում ու փախչում են, գալիս են Երեւանում ընդդիմադիր ճառ ասելու։

Չկասկածեք, որ այս ընթացքում որեւէ վայրկյան, որեւէ գործողություն արվել է ի հակադրություն ձեր նկատմամբ իմ ունեցած ծառայական պարտավարությունների։ Ես դա, իհարկե, կապացուցեմ, մնացածը դուք կորոշեք՝ ապացուցեցի՞ թե՞ չապացուցեցի»։