ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ ստորագրահավաք է սկսվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ ստորագրահավաք է սկսվել





Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ։ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։

Համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։

Նշենք, որ նիստին քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի մասնակցություն։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:
Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։