Սեյրան Օհանյանը՝ Շուշիի անկման պատճառների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սեյրան Օհանյանը՝ Շուշիի անկման պատճառների մասին




ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ներկայությունը Արցախում զուտ խորհրդատվական բնույթ է կրել, նա հրամանատարական որևիցե գործառույթ չի ունեցել:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Օհանյանն ասաց, որ լուրերը, թե Շուշիի օպերացիան ինքն է ղեկավարել, իրականությանը չեն համապատասխանում:


«Շուշիում էլ ես հայտնվել եմ որպես աջակցող և իմ հնարավորության սահմաններում Շուշիի մոտակայքում, մատույցներում, իմ հնարավորության սահմաններում աջակցել եմ, ասենք՝ աշխարհազորի ձևավորմանը՝ աշխարհազորի և բանակի համագործակցության շրջանակներում»,– շեշտեց նա։


Անդրադառնալով Շուշին հանձնելու մասին հայտարարություններին՝ Օհանյանը պնդեց, որ դրանք ևս ճիշտ չեն:

«Մարտական գործողությունների ընթացքում մեր ստորաբաժանումները պայքարել են, կռվել են հակառակորդի քանակական ու ԱԹՍ-ների գերիշխող պայմաններում: Հրամանատարական կետը, որի ղեկավարի հետ ես եղել եմ, Շուշիից հանվել է, քանի որ շուրջ 10 ժամ շրջափակման մեջ է եղել: Հանվել է, որպեսզի մեր զորքերը լիարժեք կարողանան Շուշի քաղաքում կրակային խոցում, հրետակոծություն, ռմբակոծություն իրականացնեն հայտնաբերված ռազմական օբյեկտներին»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ինքը վերջին մարդկանցից է եղել, որ դուրս է եկել Շուշիից, բայց դրանից հետո էլ` դեռ նոյեմբերի 6-ին, 7-ին մարտերը շարունակվել են:

Բայց Շուշիի անկման պատճառներից մեկն, ըստ Օհանյանի, հակառակորդի թվային առավելությունն է եղել: Այդ թվաքանակի շնորհիվ թշնամուն հաջողվել է շրջանցել, անցնել Շուշին շրջապատող լեռնային, անտառապատ տեղանքը, շրջանցելով՝ մտնել հայկական ուժերի թիկունք ու դիրքավորվել Շուշիում:

«Նրանց թվաքանակին մենք, ցավոք, չկարողացանք դիմանալ, և այսպես ստացվեց»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Օհանյանը չի բացառում, որ պատերազմի տարբեր փուլերում, ռազմաքաղաքական ավելի սթափ վերլուծության ու գնահատականի արդյունքում, ճիշտ վերախմբավորումների, ռազմական տեխնիկայի, սպառազինության ու մարդկային ռեսուրսների ժամանակին ու ճիշտ ապահովման պարագայում հնարավոր կլիներ ավելի լավ պատկեր ունենալ:

Շուշին Ադրբեջանին հանձնելու և մի շարք այլ պայմաններով հրադադար հայտարարելու համաձայնությունը, Սեյրան Օհանյանի գնահատմամբ, ճարահատյալ, իրադրությունից բխած համաձայնություն էր: Իսկ թե որքանով էր այն ճիշտ կամ սխալ, Օհանյանը թողնում է երկրի ռազմաքաղաքական ղեկավարների վերլուծությանը:


«Գործողությունների ճիշտ գնահատականը հետագայում բանակը կվերլուծի, և, որքանով անհրաժեշտ լինի, մեր հասարակությունը կտեղեկացվի»,- կարծում է լեգենդար հրամանատարը:

Բայց մինչ այդ Օհանյանը նշում է, որ պարտությունը միայն բանակի վրա բարդելը ճիշտ չէ, այն իր ուսերին պետք է վերցնի նաև ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթին, նա վերահաստատեց իր արդեն հնչեցրած տեսակետը, որ այն շատ վատն է: Իսկ թե որքանով էր հնարավոր խուսափել դրանից, Օհանյանը չի փորձում գնահատական տալ:

«Դա պետք է ներսում լինես, որ հասկանաս՝ ինչպիսի լծակներ, ազգային ու միջազգային երաշխիքներ ունենք մենք այս պահին այն չիրականացնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերում լինում են թե՛ ներքին ու թե՛ արտաքին ճնշումներ: Բայց շատ ավելի կարևոր է, որ այդ փաստաթուղթը համապատասխանի իրավական նորմերին՝ երկրի ներսում ստացած լինի խորհրդարանի հավանությունը, իսկ միջազգային ասպարեզում՝ համաձայնեցված լինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Այդուհանդերձ, ստորագրված փաստաթուղթը ներկա վիճակում, Օհանյանի կանխատեսմամբ, կարող է հանգեցնել Արցախի` դեռևս հայկական մնացած տարածքների հայաթափմանն ու հերթական ցեղասպանությանը: