Լրահոս

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանի հայտարարությունը




«Նոյեմբերի 8-ին, երբ ես հրաժարական տալով ազատվեցի ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից, հայտարարեցի, որ նպատակահարմար չեմ գտնում իմ ազատման առիթն ու պատճառները մանրամասնել եւ դրան կանդրադառնամ ըստ անհրաժեշտության ու պատեհ պահին:
Այսօր եւս այդ մասին չեմ ուզում խոսել, սակայն կարծում եմ, որ այս պահին ուղղակի պարտավոր եմ որպես ԱԱԾ բարձրաստիճան սպա, որպես ՀՀ քաղաքացի` անտարբեր չգտնվել եւ չլռել:

Առաջին հերթին դիմում եմ հանրությանը, ՀՀ բոլոր քաղաքացիներին, Արցախի եւ Սփյուռքի իմ հայրենակիցներին:

Վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելը առնվազն արդար չէ: Այո', նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն եւ հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետեւանքներ առաջացնող սխալները, եւ հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ:

Բայց միեւնույն ժամանակ, նա հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի: Հորդորում եմ ձեզ հանգիստ թողնել նաեւ նրա ընտանիքին, հատկապես որդուն, ով ազնիվ ու լավ երիտասարդ է, ինչը պնդելու համար ունեմ բավարար հիմքեր:

Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ եւ ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, եւ հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը:

Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը եւ զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի եւս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով եւ այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր:

Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, եւ եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովու'րդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով: Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել եւ չընդունել իր մեղքի բաժինը եւ պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում: Պարո'ն վարչապետ, Դուք լավ գիտեք, որ պակաս հայրենասեր չեն Հայ հեղափոխական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, Հայրենիք եւ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր ողջ պատերազմի ընթացքում իրենց հնարավորությունների սահմաններում փորձել են անել առավելագույնը`հանուն մեր հայրենիքի, ուստի անհրաժեշտ է զերծ մնալ նրանց անհիմն պիտակավորելուց:

Առանձնահատուկ դիմում եմ ԱԱԾ իմ գործընկերներին, որոնց հետ անցել եմ ծանր, պատասխանատու 22 տարվա ծառայության ճանապարհ, ինչպես նաեւ ոստիկանության եւ իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչներին: Ճիշտ գնահատելով արդի իրավիճակը` դեմ մի' գնացեք ձեր խղճին, գործե'ք հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, ձեր գործառույթների շրջանակներում եւ բացառապես օրենքով: Հիշե'ք, որ մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում ձեզնից յուրաքանչյուրի կայացրած որոշումը կարող է վճռական լինել իրավիճակի հանգուցալուծման համար: Ես վստահում եմ Ձեր փորձին ու ողջամտությանը: