«Հետեւում ես, թե ինչպես են տարբեր մեթոդներով փորձում լղոզել այս չարաբաստիկ փաստաթուղթը եւ ապշում ես». Արսեն Ջուլֆալկյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հետեւում ես, թե ինչպես են տարբեր մեթոդներով փորձում լղոզել այս չարաբաստիկ փաստաթուղթը եւ ապշում ես». Արսեն Ջուլֆալկյան




Իրականում, հետեւում ես, թե ինչպես են տարբեր հղկված մեթոդներով փորձում լղոզել այս չարաբաստիկ հայտարարություն/փաստաթուղթը եւ ապշում ես։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ում, ինչ ձեռ է տալիս, դա էլ առաջ է տանում... էլ մեղադրում են հներին, թե իրանք էին պատրաստվում տալ, ուղղակի չհասցրին...էլ ավելի հներն են փորձում արդարանալ, թե ժամանակին մեր քաղաքական լիդերն այդ մասին ասում էր... էլ նորերն են փորձում ներկայացնել սա որպես լավագույն տարբերակ... Իրականում գժվելու է։

Իսկ փաստացի ի՞նչ ունենք։

Ունենք անվտանգության գոտի համարվող կորցրած յոթ շրջան, բուն Արցախից ահռելի տարածքներ,դեռեւս ոչ մի ստատուս Արցախի համար, թշնամուն տարանցիկ ճանապարհ դեպի Նախիջեւան... մնացածը էլ չթվարկեմ, շատ ցավոտ է, բոլորդ արդեն երեւի թե գիտեք։

Ի՞նչ է սա,եթե ոչ կապիտուլյացիա,այսինքն՝ վերցրել ենք այն, ինչ տվել են...

Հարցեր են հնչում՝ իսկ ի՞նչ կարելի էր անել,ուրիշ ի՞նչ ելք կար ստեղծված իրավիճակում...

Նախ չպետք էր հասցնել այս վիճակին։ Երբ դու գիտես, որ սեղանին դրված է 5+2 շրջան զիջելու տարբերակը, իսկ ինքդ ասում ես ոչ մի թիզ հող, ուրեմն պետք է պատրաստ լինես ամեն գնով այդ ոչ մի թիզը պաշտպանելու։ Կոնկրետ հաշվարկներ պետք է լինեն։ Ականջահաճո հայտարարությունները միշտ չէ, որ էֆեկտիվ են, հատկապես երբ չունես դրանց հիմքերը։ Դեռ ավելին, հայտարարվում է շատ ավելի հաճելի՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձեւ։ Իսկ էդ ժամանակ տեղյակ չէի՞նք, որ բանակը պատրաստ չէ,

ինչո՞վ էինք նոր տարածքներ գրավելու։ Հետո լինում են թշնամուն հատուկ գրգռող այլ գործողություններ. Արցախը Հայաստան է եւ վերջ, երդմնակալության արարողություն Շուշիում, հեղափոխական կոչեր թշնամու երկրում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության փորձեր (անընդունելի բոլոր մյուս կողմերի համար)։ Դրանից հետո ի՞նչ էինք ակնկալում։ Միայն հաղթական պատերազմ, իհարկե:

Բայց հանկարծ պարզվեց, որ ոչ մի բանի պատրաստ չէինք եւ պատերազմն էլ մեծ առումով անսպասելի էր՝առնվազն էս ծավալով եւ տեւողությամբ (այդպես է հայտարարվում գոնե...)։

Պարզ չէ՞ր, որ երբ թշնամի երկրի բռնապետը,շուրջ 20 տարի իր ժողովրդին «կուտ է տվել» առանց արյուն թափելու «հետ բերել» այդ հողերը, այլեւս չէր կարողանալու դիմանալ նման պահվածքի մեր կողմից։ Դրան էլ գումարած այդ երկրի տնտեսական վիճակը, կովիդը եւ այլն։ Նման անարդյունք շարունակության դեպքում ալիեւին ուղղակի հոշոտելու էին... ահա եւ հնարավորինս հակիրճ, թե ինչու՞ այսպես եղավ, ինչու՞ հիմա, ինչու՞ ոչ մեկ մեզ չօգնեց եւ ո՞վ էր մեղավոր։

Ով ուզում է հասկանալ, կհասկանա, ով չէ, կամ դրա կարողությունը չունի, կամ էլ ուղղակի առաջնորդվում է անձնական շահով, չունի պետականամետ մտածողություն։

Իսկ թե ի՞նչ անել ստեղծված իրավիճակում, մեկ այլ ծավալուն թեմա է։

Հնչում են տարբեր առաջարկներ։ Ինքս մի տարբերակ արդեն բարձրաձայնել եմ երեկ։ Չնայած, ինչպես հասկացա այս մեկ օրվա ընթացքում, իշխող ուժի կողմից դա նույնիսկ չքննարկվող տարբերակ է։ Ցավոք»: