ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Ծառուկյանին, Արթուր Վանեցյանին, Էդուարդ Շարմազանովին և ևս մի քանի անձի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Ծառուկյանին, Արթուր Վանեցյանին, Էդուարդ Շարմազանովին և ևս մի քանի անձի




«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է, որ երեկ կեսգիշերին ձերբակալվել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը եւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը․ «Նրանք թավիշին դեռ երկար երանի են տալու»,- գրել է նա։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ Ծառուկյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու կասկածանքով։

Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ ձերբակալումը ակնհայտ ապօրինի է։ Ըստ Սարգսյանի՝ Ծառուկյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, եւ նրան ազատությունից կարող էին զրկել միայն Ազգային ժողովի համաձայնությունը ստանալուց հետո․ «Նշեմ, որ այդ հանցագործության մեղադրանքով Գագիկ Ծառուկյանն օրենքով սահմանված կարգով չի կարող նույնիսկ կալանավորվել, քանզի դրա համար որպես պատիժ նույնիսկ ազատազրկում նախատեսված չէ, ինչը կալանավորման համար պարտադիր պայման է»,- գրել է պաշտպանը։

Ծառուկյանի ձերբակալման որոշումն արդեն բողոքարկվել է դատարան։

Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում եւս տեղեկացրել է, որ պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալի ձերբակալման որոշումը․ «Ձերբակալում են մի հոդվածով, որով պատիժը մինչեւ երկու ամիս կալանք է, այսինքն՝ մարդամեկի մոտ փսիխոզ է սկսվել, որպեսզի իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը․ բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին ձերբակալում է, որպեսզի մարդկանց զրկի լիդերությունից։ Աթանեսյանը նաեւ հայտնել է, որ Համբարձումյանն ունի անչափահաս երեխաներ, ինչը արգելք է նրան այդ հոդվածով ձերբակալելու համար։

Փաստաբանի խոսքով՝ ձերբակալվել է նաեւ քաղաքագետ Սուրեն Սահակյանցը։

«Մեդիա պաշտպան» կազմակերպությունն էլ տեղեկացրել է, որ ձերբակալվածների թվում է նաեւ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը: Կազմակերպությունը դատապարտել է Մանուկյանի ձերբակալումը եւ կոչ արել ոստիկանությանը գործիք չդառնալ իշխանությունների ձեռքին և ճնշում չկիրառել խոսքի ազատության եւ լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ: