Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել 25 միլիոն դրամ գրավի դիմաց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել 25 միլիոն դրամ գրավի դիմաց




ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։

Սարգսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ նա ազատ է արձակվել երեկ 25 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 268-րդ հոդվածի 3-րդ եւ 38-131-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձի առեւանգումը կազմակերպելու համար, որն իրականացվել է շահադիտական նպատակներով։

Նրա վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը վերջերս ավարտվել էր, եւ գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին՝ նախնական դատական նիստի ընթացքում, քննարկելով Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, որոշել էր կալանավորումը թողնել անփոփոխ։ Վահե Միսակյանն արձանագրել էր, որ ազատության մեջ գտնվելով՝ Նարեկ Սարգսյանը կարող է դրսեւորել ոչ իրավաչափ վարքագիծ՝ խոչընդոտելով գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եւ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եղանակով։ Դատարանի այս որոշումը պաշտպանները հետագայում բողոքարկել էին Վերաքննիչ դատարանում։

Մեր զրույցում պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ իրենց բողոքը մասնակի է բավարարվել․ «Մենք որպես պահանջ ներկայացրել էինք կալանավորում խափանման միջոցի ընդհանրապես վերացում, կարող էր ընտրվել, օրինակ, ստորագրություն չհեռանալու մասին, դրա հետ մեկտեղ նշել էինք, որ դատարանը գրավի թույլատրելիության հարցը քննարկի, այդ մասով բողոքը բավարարվել է»։ Պաշտպանական կողմը գրավի չափ էր առաջարկել 20 միլիոն դրամը: Դատարանը, սակայն, բավարար է համարել 25 միլիոնը»։

Դատարանի որոշումը պաշտպանը դեռեւս չի ստացել, ուստի դրա հիմքերին ծանոթ չէ։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նա հայտնաբերվել էր ավելի քան մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին, Չեխիայում եւ տեղափոխվել Հայաստան, ինչից հետո դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։

Նշենք, որ պաշտպանական կողմը հայտարարել է, որ պատրաստվում է հանդես գալ արագացված դատաքննության կարգ կիրառելու միջնորդությամբ։ Այդ պարագայում ապացույցների հետազոտություն չի իրականացվելու, եւ, ըստ պաշտպանների, դրանով պայմանավորված՝ արդեն գործի քննությանը խոչընդոտելու հիմքը վերանալու է։ Անդրադառնալով այս պնդմանը՝ Առաջին ատյանի դատարանն իր հոկտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է, որ նշված հանգամանքի քննարկումը դեռևս վաղաժամ է՝ հաշվի առնելով այն, որ դատարանը ներկա պահին չի կայացրել գործը դատական քննության նշանակելու մասին որոշում․ «Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրում է, որ եթե նույնիսկ սույն քրեական գործով դատական քննությունն անցկացվի արագացված դատական քննության կարգով, ապա պաշտպանի հայտնածի պարագայում կարող է էականորեն նվազել կամ վերանալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հիմքը, բայց ոչ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու մտավախությունը»,- ասված է դատարանի որոշման մեջ։

Քրեական դատավարության օրենսգրքի 375․1 հոդվածի համաձայն՝ մեղադրյալն արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդությամբ հանդես գալու իրավունք ունի, եթե համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին։ Այսինքն՝ նման միջնորդությամբ հանդես գալը կնշանակի, որ Նարեկ Սարգսյանն ընդունել է իրեն առաաջդրված մեղադրանքը։ Դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Այս կարգը կարող է կիրառվել, եթե մեղսագրվող հանցագործությունների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: