Ողջ պատերազմի ընթացքում զոհվել է 28 ոստիկան, վիրավորվել՝ 150-ը, անհետ կորել՝ 43-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ողջ պատերազմի ընթացքում զոհվել է 28 ոստիկան, վիրավորվել՝ 150-ը, անհետ կորել՝ 43-ը




Սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրերից, ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնել է ռազմաճակատ։ Նրանք մասնակցել են Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։

Ծանր մարտեր են մղել հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցել է 2 զոհ, 26 վիրավոր և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 42 ծառայող։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Չափազանց կարևոր էին նաև ոստիկանության զորքերի հատուկ միջոցառումները՝ հայտնաբերելու և չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք։

Հայրենիքի պաշտպանությանն են միացել նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։

Մի քանի հերթափոխով Արցախ է մեկնել ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացել են 26-ը, վիրավորվել՝ 124-ը և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։

Ցավոք, պատերազմի ողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվեցին 150-ը և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած մեր բոլոր հայորդիներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։

Կանխվել և բացահայտվել են հանցագործություններ, պահպանվել են հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության, իրականացվում էր հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես նաև ոստիկանները ներգրավված էին զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին և այլն։

Ըստ ոստիկանության տեղեկատվության՝ ոստիկանական մեծաքանակ ուժերի՝ առաջնագծում գտնվելու պատճառով հնարավոր են դարձել նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունները։ «Վստահեցնում ենք, որ դրանց բոլոր կազմակերպիչներն ու հեղինակները հայտնաբերվելու են և ենթարկվելու պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրությունում: