Լրահոս

ՀՐԱՏԱՊ․ ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, կառավարության լիազորություններին տիրանալու դեպքեր. հաղորդագրություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Այս առնչությամբ, ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության եւ պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին եւ արտաքին անվտանգությունն ապահովելու կարեւորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ եւ համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին եւ ներքին քաղաքականության հետ, օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել եւ իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր:

Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում եւ դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների եւ նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել եւ ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր:

Արդյունքում, Ա. Մ.-ն եւ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ եւ նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն եւ իշխանության յուրացում, սակայն իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել եւ խափանվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:


Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաեւ Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու եւ նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու եւ չեզոքացնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել եւ առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, ինչպես նաեւ մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման եւ նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ իրավահպատակ վարքագիծ, չտրվել սադրանքներին եւ ըստ այդմ վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը եւ զգուշացնում է, որ վճռականորեն չեզոքացնելու է պետականության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն:

Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաեւ այս գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսոեւորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին եւ արտաքին անվտանգության եւ հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են: