Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց



Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց. Վանեցյանն ազատ արձակվեց։ 

«Գործող իշխանությունները հերթական անգամ ապօրինի և շինծու գործով փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը: Բայց, փառք Աստծու, արդարությունը դեռևս այս երկրում կա և արդարությունը այս փուլում հաղթեց: 

Հարգելի հայրենակիցներ, 

Հարգելի իմ աջակիցներ, Ես հավաստիացնում եմ բոլորին, որ ես որևէ հանցանք չեմ գործել ո՛չ այս պահին, ո՛չ առհասարակ իմ կյանքում: Ես մշտապես պաշտպանել եմ օրենքը և շարունակելու եմ պաշտպանել օրենքը: Օրենքի գերակայությունը երկրում երկրի զարգացման ուղին է: Ես մշտապես կոչով եմ հանդես եկել՝ պահպանել Սահմանադրությունը, չխախտել Սահմանադրությունը: Սակայն այս իշխանությունները, խախտելով մեր Սահմանադրությունը, ժողովրդի մեջքի հետևում, թաքուն ստորագրեցին մեր հայրենիքի մի հատվածը թուրքին հանձնելու խայտառակ պայմանագիր: Այս խայտառակ պայմանագիրը․․․ պետք է մեր հասարակությունը հասկանա, որ սա ուղղակի պայմանագիր չէ, սա մեր ինքնության, մեր ազգի և մեր պետության ապագայի մասին է: Մենք բոլորս պայքարելու ենք մինչև վերջ, մինչև իրական հաղթանակ: 

Կե՛ցցե Հայաստանի Հանրապետությունը, կե՛ցցե Արցախի Հանրապետությունը և կե՛ցցե հայ ժողովուրդը»,- դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը: 

Նշենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։