Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին եւ Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին եւ Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել




«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։

Վանեցյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի եւ 35-305-րդ հոդվածներով: Ըստ պաշտպանի, Վանեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, այն անհասկանալի է:

Ըստ Սահակյանի, քննիչը դեռ Վանեցյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել, սակայն, ենթադրվում է, որ կներկայացվի:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ԱԱԾ նախկին տնօրենին ձերբակալելու որոշման դեմ բերված պաշտպանների բողոքը:

Մեղադրանք է առաջադրվել նաեւ Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին: Նրան էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով։

Ըստ պաշտպանի, քննվել է նաեւ նրան ձերբակալելու որոշման դեմ ներկայացված բողոքը: Դատարանը քննել է բողոքը եւ գտել, որ Մինասյանին ձերբակալելու որոշումն իրավաչափ է:

ԱԱԾ-ն մեղադրանք է՝ առաջադրել նաեւ ՀՀԿ կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, նրան նույնպես կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Վահագն Գասպարյանը:

Նա նշեց, որ Բաղդասարյանին ձերբակալել են զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար:

Նշենք, որ բողոքների քննությանը զուգահեռ դատարանի բակում են հավաքվել նրանց աջակիցները:

Հիշեցնենք, երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպք: Նշվում էր, որ կանխվել է պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկելու և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու ՀՀ կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, հիշյալ գործի կապակցությամբ ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն (Արթուր Վանեցյան) ու ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ.Բ.-ն (Վահրամ Բաղդասարյանը) , ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն եւ Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն:

Հաղորդագրության մանրամասները՝ այս հղումով: