Աննա Հակոբյանը Սամվել Բաբայանի հետ հրամկետում նստած էր. Մովսես Հակոբյանը՝ աղմկահարույց միջադեպի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Հակոբյանը Սամվել Բաբայանի հետ հրամկետում նստած էր. Մովսես Հակոբյանը՝ աղմկահարույց միջադեպի մասին


 

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը այսօր՝ նոյեմբերի 19-ին, հրավիրված ասուլիսում անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե պատերազմի ընթացքում իր և վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի միջև միջադեպ է եղել, որից հետո իրեն արգելվել է մտնել հրամանատարական կետ։

Մովսես Հակոբյանը նախ հայտնեց, որ հրամանատարական կետ արգելված է եղել կողմնակի անձանց մուտքը, ինքը ճաշելուց հետո, երբ մտել է հրամանատարական կետ, տեսել է, որ Աննա Հակոբյանը նստած էր Արցախի Անվտագության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ, և այդ սենյակում մեծ էկրան է տեղադրված եղել, որտեղ ցուցադրվել են մարտական գործողությունները։

Ըստ նրա՝ այդ պահին ցուցադրվում էր հակառակորդի մուտքը դեպի Մատաղիս, որտեղ մեր զորքերը էֆեկտիվ ջախջախել են հակառակորդին։

«Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի չէր միջամտում, որևէ ցուցում չէր տալիս, ընդամենը դիտարկում էր, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ որ դա ավարտվեց, ես մոտեցա նրան, ասացի՝ տիկին Աննա, այսպիսի տեսարժան գործողություններ չի լինելու, մնացած ուղղություններում մարտեր են ընթանում, նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, Ձեզնից կաշկանդվում են, ասաց՝ լավ, 20 րոպե նստեց ու գնաց, 4 ժամ անց ինձ Երևան կանչեցին։ Եկա Պաշտպանության նախարարի մոտ, շատ մեծ ակնկալիքով»,- պատմեց նա։

Մովսես Հակոբյանը հիշեցրեց, որ դեռ սեպտեմբերի 30-ին ինքը եկել է վարչապետի մոտ զեկուցելու, սակայն վարչապետն իրեն չի ընդունել և ինքը հետ է գնացել։

«Ասացի՝ երևի արդեն հասկացել են, որ պիտի հասկանան, թե իրավիճակը ինչ է, ոգևորված հասա Երևան Պաշտպանության նախարարի մոտ, բարևեցինք, գիտեմ, թե ինձ հարց կտա, թե ինչ իրավիճակ է այնտեղ, բայց ինձ ասաց՝ Դուք այլևս չպետք է գնաք այնտեղ, հետաքրքրվեցի՝ պատճառն ի՞նչ է, ասում է՝ չգիտեմ, ո՞վ է ասել, վարչապետը»,- պատմեց Մովսես Հակոբյանը։

Այնուհետև Մովսես Հակոբյանը վարչապետի հեռախոսահամարին գրել է․

«Չեմ կարողանում մնալ այստեղ, ինձ ուղարկեք Արցախ, սիրտս պայթում է»։

Մովսես Հակոբյանի նամակն անպատասխան է մնացել, նույնիսկ չի էլ կարդացել։

Ապա Մովսես Հակոբյանը զանգել է Արցախի նախագահին, ասել, որ վարչապետին ասի՝ իր նամակը կարդա։ Ըստ Հակոբյանի՝ երբ իրեն Երևան են կանչել, վարչապետն էլ Արցախ է գնացել։ Արայիկ Հարությունյանը նախ ասել է՝ լավ, ապա որոշ ժամանակ անց զանգել է, ու ասել, որ հաջորդ օրը ժամը 11։00-ին վարչապետը կընդունի իրեն ու ինքը հետ կգնա Ղարաբաղ։

Դրանից հետո 3 օր անընդմեջ Մովսես Հակոբյանը զանգել է վարչապետի արարողակարգի բաժին, որ հասկանա, թե երբ է իրեն ընդունելու վարչապետը, ասել են՝ կասենք, ու այդպես էլ չեն ասել, իսկ 4-րդ օրն արդեն հայտնել են, որ վարչապետը չի ընդունելու իրեն։

«Հասկացա։ Արացախից ահագին մարդ կար մեր տանը մնացող, մեկի ջերմությունը բարձրացել էր, տարա հիվանդանոց թոքերը նկարելու, կնոջս ասացի՝ քանի հասել ենք էստեղ, արի մենք էլ նկարվենք, նկրավեցինք, այդ պահին զանգում է նախարարը, թե շտապ ներկայացի նախարարություն, վարչապետն է ուզում, գնում եմ այնտեղ, խորհրդակցություն է գնում այնտեղ, չեն թույլատրում ներս մտնել, ես էլ գիտեմ, թե ինչ-որ հարց են ուզում ճշտեն, դրա համար են կանչել։ Ինչևէ, խորհրդակցությունն ավարտվում է, նախարարն ու վարչապետը դուրս են գալիս, նախարարն ասում է՝ գնա, Օնիկ Գասպարյանը քեզ խնդիր կդնի, վիրավորական բառ են ասել, բայց բոլոր դեպքերում տեղին չեմ տալիս։ Մտնում եմ Օնիկ Գասպարյանի մոտ, ասում եմ՝ ի՞նչ է եղել, ասում է՝ Բաբայան Սամվելն ասում է, որ դու գաս կոորդինացնես գործողությունը, ես ասացի՝ պարոն Գասպարյան, դա Ձեր գործառույթն է, և հիշեցրի իրենց, որ իրենք 850 հաստիք ունեն այստեղ և դրա միջոցով պիտի փոխգործացությունը կազմակերպեն, և դա իրենց գործառույթն է։ Բացի այդ, որ Բաբայան Սամվելն է ասում, ես չեմ անի․ զուտ դրա համար չեմ արել, որովհետև իմ վերաբերմունքը Սամվել Բաբայանին առանձնահատուկ է, ես հարգանքով եմ վերաբերվում իր արածին, բայց պատերազմը ղեկավարելն այս պահին իր խելքի գործը չի։ Իսկ երկրի ղեկավարը ղեկավարել է Բաբայան Սամվելի միջոցով։ Երկրի ղեկավարն ու Սամվել Բաբայանը մտել են բանակի հրամանատարի մոտ մի քանի առաջարկություններով, ես ասացի՝ եթե անեք, ես դուրս եմ գալու լրատվական կենտրոն և հայտարարեմ, որ այսպիսի գործ եք անում, ինձ հանելու պատճառը չգիտեմ՝ ինչն է՝ Սամվել Բաբայանին չխանգարե՞լը, թե՞ տիկին Աննային խնդրելը հրամանատարական կետից դուրս գալ»,- ասաց նա։

Ի վերջո, Մովսես Հակոբյանն ասել է, որ եթե ինքն ինչ-որ տեղ պետք է գնա, դա պարտադիր Արցախը պետք է լինի, ինչից հետո իրենից պահանջել են կորոնավիրուսի թեստ։ Դրա բացասական պատասխանը ստանալուց հետո մեկնել է Արցախ։ Քանի որ մինչև այդ էլ թոքերն է նկարել տվել, տվյալներն ուղարկել է հիվանդանոց, որպեսզի համեմատություն անցկացվի։ Արցախ հասնելուց 6 ժամ անց իրեն տեղեկացրել են, որ երկկողմանի թոքաբորբ է, իրեն բուժում է պետք, պետք է վերադառնա։ Վերադառնալուց հետո ուղարկել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ներկայացրել է տվյալները, և բժիշկը, որն իր նախկին ծառայողն է եղել՝ ասել է, որ իր մոտ 1 տոկոս թոքաբորբ է, բուժման ենթակա չէ։

«Ասաց՝ քանի եկել ես այստեղ, մի անգամ նկարվիր, նկարվում եմ, տեսնում ենք, որ այդ 1 տոկոս թոքաբորբն էլ չկա։ Գնում եմ նախարարի մոտ, թե ինչո՞ւ եք ինձ հետ կանչել այստեղ, ասում է՝ թոքաբորբ ես, ասում եմ՝ բժիշկն ասում է, որ թոքաբորբ չկա և մեկ տոկոս թոքաբորբն էլ չի բուժվում»,- պատմեց Մովսես Հակոբյանը։

Ապա Մովսես Հակոբյանը ցանկություն է հայտնել մտնել հրամանատարական կետ, բայց նախարարը չի թույլատրել՝ պատճառաբանելով, թե կորոնավիրուսով է վարակված։ Հակոբյանը կրկին կորոնավիրուսի թեստ և արյուն է հանձնել, որ ապացուցի՝ վարակված չէ, ու պետք է գնա Արցախ։ Այդ կերպ, ի վերջո, նրան հաջողվել է մեկնել Արցախ, որտեղ էլ մնացել է մինչև հոկտեմբերի 28-ը։

Մովսես Հակոբյանը պնդում է, որ իր զեկուցագրում շատ պարզ գրել է, որ իրեն զրկել են իր պարտականությունները կատարելուց, ինչը դրական դրական ազդեցություն կարող էր ունենալ պատերազմի ընթացքի վրա։