Լրահոս

«Կինոն պետք է լինի ազնիվ․․․ Հարկավոր է հասկանալ, թե հատկապես ով է մեզ վաճառել եւ դավաճանել»․ Սարիկ Անդրեասյան




Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախյան պատերազմի հենց սկզբից անկեղծորեն մտահոգվել է տեղի ունեցածի համար, սոցցանցերում գրառումներ է արել ի պաշտպանություն հայերի եւ իր պատմական հայրենիքի, կոչ է արել օգնել ֆինանսապես եւ ինքն էլ ակտիվորեն մասնակցել նման ակցիաներին:

Այսօր նա իր Instagram-ի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին: Դրանցից շատերը վերաբերել են Հայաստանին եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել, շտապել են Անդրեասյանին քաղաքացիական դիրքորոշման համար իրենց հարգանքն արտահայտել։

«Ի՞նչ եք կարծում, պատերազմի շարունակություն կլինի»,- հետաքրքրվել է հետեւորդը։

«Ոչ։ Այժմ այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները եւ նա, ով կկրակի կկռվի Ռուսաստանի դեմ։ Վրաստանի փորձը ցույց է տվել, որ դա մի քանի ժամից կավարտվի պարտությամբ։ Այժմ այնտեղ կանգնած է հզոր տերություն։ Պատերազմ այլեւս չի լինի։ Ինչ կորցված է, կորցված է։ Գուցե 30-40 տարի անց հարցը կրկին կբարձրանա: Բայց հիմա դժվարությամբ եմ դա պատկերացնում»,- կարծում է Սարիկ Անդրեասյանը։



«Հույս տալիս եք, որ հայ ժողովուրդը շանս ունի»,- հարցրել է մեկ այլ հետեւորդ։

«Հնարավորություն կա։ Եւ միշտ եղել է», - կարծում է Անդրեասյանը՝ նշելով, որ Հայաստանի գլխին պետք է կանգնի աշխարհաքաղաքականությունը հասկացող հայ, լավ դիվանագետ, կիրթ եւ հնարավոր է դա ծայրահեղական թվա, բայց մեծացած ոչ Հայաստանում: Մարդ մաքուր էջից: Ով վիրավորանք չունի իր երկրի կամ որոշ քաղաքացիների հանդեպ»։



Շարունակելով թեման, թե ինչպես է Անդրեասյանը տեսնում Հայաստանի ապագան․ «Ցանկացած երկրի ապագան կրթված ու ապահովված քաղաքացիներն են։ Անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաները: Մեր միտքը Հայաստանից դուրս են ստեղծում, իսկ պետք է ներսում ստեղծվի։ Դրա համար անհրաժեշտ է լավ տնտեսական մթնոլորտ։ Անհրաժեշտ է մարդկանց թիմ, որոնք կսիրեն իրենց քաղաքացիներին»։

Ի դեպ, Անդրեասյանը եւս մեկ անգամ հաստատել է Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու իր մտադրությունը։ «Ես ունեմ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ երեք հայերի մասին պատմող «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմի սցենարը՝ ավարտին Ռեյխստագի մոտ «Քոչարի» պարով: Արդեն երեք տարի է փորձում եմ գտնել ֆինանսավորում։ Բայց դեռ չեմ գտել։ Հենց որ գտնեմ՝ անմիջապես»,- գրում է ռեժիսորը։

Իսկ, ահա, Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմն, ըստ նրա, ավելի դժվար է նկարահանել։ «Ես չեմ ցանկանում չարաշահել այդ թեման։ Կինոն անհրաժեշտ է, բայց պետք է ժամանակ անցնի: Մենք դեռ չգիտենք ամբողջական պատկերը եւ չգիտենք ճշմարտությունը: Կինոն պետք է ազնիվ լինի, իսկ դրա համար պետք է հասկանալ, թե ով է մեզ վաճառել ու դավաճանել, եւ ինչու են մեզնից թաքցրել մեր բանակի իրական վիճակը ռազմաճակատում եւ ինչու է մեր վարչապետն այդպիսի կորուստներ թույլ տվել՝ հասկանալով, որ պատերազմում կպարտվի»,- վստահ է Սարիկ Անդրեասյանը։



Եվս մեկ կարեւոր թեմա, որին անդրադարձել է Անդրեասյանը․ «Վերջին մի քանի օրերի ընթացքում ես եւ եւս տասնյակ հայտնի մարդիկ նամակներ ենք ստորագրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով դադարեցնել մեր տաճարների եւ մշակութային ժառանգության ավերումը։ Հավատանք, որ կօգնի»։

«Դուք կարո՞ղ եք Հայաստանի նախագահ դառնալ»,- հետաքրքրվում է հետեւորդը։ «Կարող եմ, - վստահ պատասխանել է Անդրեասյանը:- Այդ հարցն ինձ պարբերաբար տալիս են վերջին երկու տարիների հարցազրույցներում, եւ ես միանգամայն անկեղծ ասում եմ՝ այո։ Ես կարծում եմ, որ ցանկացած երկրի նախագահ պետք է այնքան ապահովված լինի, որ հոգ տանի բացառապես ժողովրդի, այլ ոչ թե իր մասին։ Եթե ես զգամ, որ եկել է իմ պահը եւ ես պատրաստ եմ, ապա այո»։



«Ինչից էին վախենում հայ բլոգերները», - հարցնում է հետեւորդը:- Ինչու այդքան արագ լռեցին պատերազմի մասին»։

«Դժվար է ասել։ Կամ նրանք ի սկզբանե ընդունել են այն դիրքորոշումը, որ առանց մեզ էլ գլուխ կհանեն, կամ վախենում էին փչացնել հետեւորդների հետ հարաբերությունները կամ գովազդային պայմանագրերը։ Կա նաեւ ավելի վատ տարբերակ, որ շատերը պարզապես թքած ունեն։ Կարծում եմ՝ խիղճը շատ ավելի կարեւոր է, եւ ես նման անտարբերությանն արդարացում չեմ գտնում»։



Անդրեասյանին հարցրել են նաեւ «Գորշ գայլերի» մասին, որոնք այսօր «սպառնում են Գերմանիայի հայերին»։

«Գերմանիայում հզոր թուրքական լոբբի է, - պատասխանել է ռեժիսորն ու հիշել․ Մի օր Բեռլինում ինձ ու եղբորս թուրքը դուրս հանեց մեքենայից, երբ հասկացավ, որ մենք հայ ենք»։

Եղել է նաեւ այսպիսի հարց․ «Հայաստանը ՌԴ-ի կազմում։ Ձեր կարծիքը»․․․ «Բարդ հարց է։ Անկեղծ ասեմ, որ անձամբ ես չեմ նայում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմը, քանի որ մոտ հինգ տարի ապրելով ԱՄՆ-ում՝ հասկացա, որ այլ մտածելակերպ է եւ Թրամփների ու Բայդենների ցանկացած խոսք ես ընկալում եմ միայն որպես տեղի հայերի ձայները ստանալու հնարավորություն։ Ես վստահ չեմ, որ ՌԴ-ի կազմում լինելը ճիշտ է, քանի որ Հայաստանը լիարժեք անկախ երկիր է։ Բայց ես ուզում եմ, որ Հայաստանը դաշնակից պետություն լինի Ռուսաստանի համար։ Նման տանդեմի ես շատ լոյալ եմ վերաբերել։ Պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք ունենք միայն մեկ հարեւան, եւ դա Ռուսաստանն է»։