Հեռարձակման թույլտվության համար դիմել է տարիներ առաջ եթերազրկված «Ա1+»-ը, նաեւ 2 լրատվական կայք - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հեռարձակման թույլտվության համար դիմել է տարիներ առաջ եթերազրկված «Ա1+»-ը, նաեւ 2 լրատվական կայք




Շարունակվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակումը:

Ընկերությունները կմրցակցեն՝ հեռուստատեսային հեռարձակում ապահովելու հնարավորության համար։

Նոյեմբերի 18-ին հրապարակվեց հանրապետական սփռման մրցույթի մասնակից եւս 6 ընկերությունների հայտեր, որոնցից երկուսը լրատվական կայքեր են՝ «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ-ն (Առաջին լրատվական կայքեջ) եւ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն՝ համանուն կայքով։ Այս երկու կայքերը դիմել են հանրապետության ողջ տարածքով հեռուստատեսային հաճախականություն ստանալու համար։
Հանրապետական սփռման մրցույթի մասնակից ընկերություններից «Մելտեքս» ՍՊ-ն (Ա1+ հեռուստաընկերություն) դիմել է լիցենզիան վերականգնելու համար, որից նախկինում զրկվել է։ Տարիներ առաջ «Ա1+» հեռուստաընկերությունը փակվեց քաղաքական դրդապատճառներով։

Մյուս չորս մասնակիցները գործող հեռուստաընկերություններ են՝
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ
«Հուսաբեր» ՓԲԸ
«Շանթ» ՍՊԸ

Այսօր հրապարակվել են նաեւ 4 հեռուստաընկերության հայտեր, որոնք մրցում են մայրաքաղաքային սփռման լիցենզովրման համար։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադառնալով հայտատուներից «Շանթ» ՍՊԸ-ին նկատեց․ «Յուրաքանչյուր հեռուստատեսային կազմակերպություն իրավունք ունի մասնակցել մեկ հանրապետական եւ մեկ մայրաքաղաքային սփռման մրցույթի, դրանով է պայմանավորված «Շանթ» ՍՊԸ-ն երկու ծրագիր է տվել մեկը հանրապետական ծածկույթի, մյուսը՝ մայրաքաղաքային»։ Նշենք, որ Շանթի մայրաքաղաքային սփռման համար դիմած ծրագիրը սպորտային է։

Հիշեցնենք՝ հեռուստաընկերությունները դիմելով հանրապետական լիցենզիա ստանալու համար կարող են հայտում նշել նաեւ մայրաքաղաքայինը, քանի որ վերջինի համար ավելի քիչ միավոր է պահանջվում։ Եթե վարկանշային գնահատման ժամանակ հեռուստաընկերությունը հանրապետականի լիցենզիա չստանա, սակայն հայտը նեկայացնելիս նշած լինի մայրաքաղաքային, ապա կարող է համարվել մայրաքաղաքային լիցենզավորման մրցույթի մասնակից։

Մայրաքաղաքային սփռման լիցենազավորման համար հայտեր են հրապարակել հետեւյալ ընկերությունները՝
«Դար-21» ՓԲ ընկերություն
«Մո թիվի մեդիա հոլդինգ» ՓԲ ընկերություն
«ԱՌՓԻ մեդիա» ՍՊ ընկերություն
«Շանթ» ՍՊ ընկերություն («Շանթ սպորտ» նոր ծրագրով)։

Վաղը՝ նոյեմբերի 19-ին կհրապարակվեն մարզային լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերը։

Հիշեցնենք՝ նախկինում լիցենզավորումը տրվում էր 10 տարի ժամկետով։ Այս անգամ ժամկետները վերանայվել են, այն տրվելու է 7 տարով։

Երեկ հրապարակվել էին լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած առաջին խմբի հեռուստաընկերությունների անունները։