Միջադեպ ԱԺ-ում. փոխնախարարը պատգամավորին մեղադրեց քարտեզին եւ իրավաբանական գիտելիքների չտիրապետելու մեջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միջադեպ ԱԺ-ում. փոխնախարարը պատգամավորին մեղադրեց քարտեզին եւ իրավաբանական գիտելիքների չտիրապետելու մեջ




Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ Ազգային ժողովում:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ պաշտպանական գերատեսչությունը, որ ամենամեծ մեղսակցությունն ունի Արցախում տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել երեկ վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի 8-րդ կետի իրագործմանը: Այդ կետը վերաբերում է զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատմանն ու բարեփոխումների մեկնարկին:

«Կարծում եմ, որ, որպես Ազգային ժողով, պետք է հետամուտ լինենք, որ համապատասխան հետեւություններ արվեն տեղի ունեցածի վերաբերյալ: Պաշտպանական գերատեսչությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, անվտանգության խորհուրդը եւ այլ պատասխանատու մարմիններ պիտի ժամ առաջ այդ պատասխանատվությունը ունենան, հեռանան եւ թույլ տան, որ նոր, առողջ, պրոֆեսիոնալ եւ մեր պետականությանն ու պետությանը նվիրված մարդիկ նվիրվեն առողջ աշխատանքի: Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարեւորագույն աշխատանքներով»,- հայտարարեց Բաբաջանյանը:

Նա նշեց, որ նախօրեին Մարտակերտում 5 գյուղերի բնակիչների ուղղակի ասել են, որ պետք է լքեն իրենց բնակավայրերը: «Պատասխան չկա, որովհետեւ պետություն ուղղակի չկա, որ այս հարցերը պահում է իր դիտակետում եւ անմիջապես պատասխաններ է հնչեցնում»,- հավելեց պատգամավորը:

Այս հայտարարությունները զարմացրին ու բարկացրին դահլիճում քննարկվող նախագծի հարակից զեկուցմամբ հանդես գալու նպատակով գտնվող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին.

«Մարտակերտի գյուղերի մասով կարելի է քարտեզին նայել եւ տեսնել, որ դրանք Աղդամի շրջանի գյուղերն են եղել»,- պարզաբանեց Բալայանը՝ կոչ անելով չհիմնավորված հայտարարություններ չանել:

Այնուհետեւ անդրադառնալով մյուս մեղադրանքներին՝ Բալայանը խնդրեց մնալ էթիկայի շրջանակներում:

«Եթե իրավաբանական գիտելիք չունեք, ես ձեզ խոստանում են օժանդակել, հանցագործության մասին հաղորդում ներկայացնեք իրավապահներին՝ կոնկրետ անձանց մեղադրանքներ ներկայացնելով: Մաֆիոզ, կլանային եւ այլն, ամպագոռգոռ բառեր հնչեցնելը...»,- հայտարարում էր փոխնախարարը, սակայն Բաբաջանյանը տեղից սկսեց գոռգոռալ:

«Կարող ա՞ գաք ստեղ խոսեք»,- առաջարկեց փոխնախարարը: «Պետք լինի՝ կխոսեմ»,- պատասխանեց Բաբաջանյանը:

Բալայանը ԱԺ նիստը վարող Լենա Նազարյանին խնդրեց կարգի հրավիրել պատգամավորին: Չափը ճանաչելու փոխադարձ հորդորներից հետո Բալայանն ավարտեց իր խոսքը՝ Բաբաջանյանին առաջարկելով իրավաբանական անվճար օգնություն:

Նշենք, որ քննարկվող օրինագծի նպատակն է «պաշտպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»:

Օրենքը տարածվելու է այն զինծառայողների վրա, որոնք արդեն գտնվում են գերության մեջ: