Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ




Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ:



Իր խոսքում վարչապետը նշել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի 6-րդ կետը վերաբերում է հենց վերը նշված հարցերին. «Ընդհանրապես մենք, բնականաբար, առաջիկայում պետք է այս ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք կատարենք: Պետք է հոգ տանել, որ մենք ընտանիքների անդամներին տեղեկացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում:



Երեկ Էջմիածնում մի այսպիսի դրվագային հանդիպում, շփում ունեցա և՛ գերեվարված զինվորականների, և՛ քաղաքացիական անձանց, և՛ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ: Պայմանավորվեցինք, որ ինտենսիվ աշխատենք, ամբողջացնենք այն տեղեկատվությունը, որ մեր ձեռքին կա և այն անելիքները, որոնք մենք պատկերացնում ենք առաջիկայում: Մասնավորապես՝ գերեվարված անձանց փոխանակման հետ կապված կա քաղաքական պայմանավորվածություն, պետք է պարզաբանել, թե այդ պայմանավորվածությունն ինչպես, ինչ մեխանիզմով, ինչ ժամկետներում է իրագործվելու, անհետ կորածների հետ կապված պետք է հասկանանք մեխանիզմները»: Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ ունենալ անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ:



«Իհարկե, այս ընթացքում եղել են դեպքեր, բարեբախտաբար, երբ անհետ կորած համարվող անձինք ողջ-առողջ հայտնաբերվել են, իրենք իրենց գտնվելու վայրի մասին հայտնելու հնարավորություն չեն ունեցել և ուղղակի վերադարձել են: Պետք է հույս հայտնել, որ այսպիսի դեպքերն ավելի ու ավելի շատ կլինեն: Այժմ պատրաստվենք, որ հարազատներին կարողանանք ավելի կոնկրետ և ամբողջական տեղեկատվություն հաղորդել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին ներկայացվել են գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Քննարկվել են անհետ կորածների որոնողական աշխատանքների մեխանիզմները: Անդրադարձ է եղել տուժող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղություններին:

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է վերոնշյալ խնդիրների արագ կարգավորմամբ:



Վարչապետն ընդգծել է, որ առաջնահերթ պետք է մշտական, անընդհատ հաղորդակցություն ապահովել գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց, անհետ կորածների ընտանիքների հետ և այդ նպատակով ձևավորել շուրջօրյա գործող կենտրոն: «Ամենակարևորը մարդկանց հետ ամենօրյա կոմունիկացիան է: Պետական կառույցները պետք է իրենք գնան հանդիպեն և խոսեն ընտանիքների հետ, հասկանան կարիքները՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով»,- ասել է Ն. Փաշինյանը: