Երբ հայրս զոհվեց, ես ընդամենը 11 տարեկան էի. Շպռոտը՝ արցախյան պատերազմի և իր ապրումների մասին. ArmLur.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երբ հայրս զոհվեց, ես ընդամենը 11 տարեկան էի. Շպռոտը՝ արցախյան պատերազմի և իր ապրումների մասին. ArmLur.am




Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմի մասին ArmLur.am-ը զրուցել է ամերիկաբնակ երգչուհի Շպռոտի հետ, ով այս ամիսների ընթացքում իրականացնում է մի շարք մարդասիրական նախաձեռնություններ:

«Մեր օգնությունն այստեղից կարող է միայն գումարի տեսքով լինել: Սկզբում, ինչպես բոլորը օգնում էի միայնակ, ինչպես կարող էի, հետո միացան նաեւ ընկերներս, ապա, երաժիշտ ընկերներով համախմբվելով, Համահայկական հիմնադրամին փոխանցեցինք 59.000$, այնուհետեւ ինստագրամի միջոցով ինքս հավաքեցի 13.000$, որը կրկին ուղղվեց հիմնադրամին, ապա բիզնեսմեն ընկերներիս հետ միասին գումար հանգանակեցինք նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հետո ծանոթացա Մերիի հետ, ում միջոցով ծանոթացա վիրավոր զինվորների հետ, նրանց մասին նկարներ եւ վիդեոներ տեղադրեցի իմ էջում, որից հետո կրկին մարդիկ ձեռնամուխ եղան նրանց օգնելուն: Հստակ չգիտեմ, թե քանի զինվորի ընտանիքի ենք օգնել, բայց բոլորն էլ ստացել են օգնություն: Ունեմ երկու ընկերուհի, ովքեր մշտապես ամեն ամիս օգնություն են տրամադրում նրանց: Նախ սկզբից փորձում ենք տղաների հետ տեսակապով զրուցել, որից հետո նոր ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը: Ամեն բան արվում է հնարավորինս բարձր մակարդակով եւ որ ամենակարեւորն է ՝ թափանցիկ: Յուրաքանչյուր փոխանցած գումարի կտրոն նկարում եւ տեղադրում եմ էջումս, սակայն պետք է նշեմ, որ ես այս պահին այլեւս գումարի հավաքագրմամբ չեմ զբաղվում, բայց շարունակում եմ կապող օղակ լինել այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են օգնել տղաներին: Ստանում եմ շատ շնորհակալական նամակներ ծնողների, զինվորիների կողմից, որոնք շատ թանկ են ինձ համար»,-նշում է երգչուհին:

Մեզ հետ զրույցում Շպռոտը հիշում եւ վերապրում պատերազմի թողած ծանր հետեւանքները եւ հոգեվիճակը, որն այսօր զգում է յուրաքանչյուր հերոսացած զինվորի ընտանիք:
Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեք նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրի վերաբերյալ, երգչուհին պատասխանում է. «Ես բացարձակ չգիտեի, որ մեր երկիրը նման բարդ քաղաքական վիճակում է եղել: Կարծում եմ՝ այս պատերազմը գերտերությունների կռիվ է Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար: Ափսոս, որ ուրիշի հողի վրա են իրենք իրենց հարցերը լուծում, նրանց համար ուրիշի՝ մեզ համար մեր հողի, ուղղակի այս պատերազմում շահող դուրս եկավ Ադրբեջանը: Ես ատում եմ քաղաքականությունը: Արցախի հարցը փաստորեն մի անլուծելի խնդիր էր: Շատ խառը եւ վատ դիվանագիտական խաղ էր, որի արդյունքում տուժեց մեր ազգը:Ինչպես հայտնի առածն է ասում. «Տերովին տերն է տարել, անտերին գելը», եւ սա ես իմ անձական կյանքում շատ եմ զգացել, եւ հիմա էլ ազգս է զգում միայնության եւ լքվածության դառնությունն ու ցավը»:

Շպռոտի դիտարկմամբ այսօր մեր երկրում չկա այնպիսի քաղաքական ուժ, թեկնածու, ով կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին:

«Զզվում եմ քաղաքական բոլոր ուժերից, ու ոչ մի ուժի չեմ վստահում: Փոխանակ լծվեն երկրի օգնելու ծանր գործին, զբաղված են գոռգոռալով: Հիմա մեզ պետք են հայրենասերներ, ոչ թե աթոռասերներ: Հայրենասիրությունը գործով է երեւում, այլ ոչ թե գոռալով: Սա է իմ միակ սպասելիքը քաղաքական ուժերից: Հիմա, եթե Նիկոլը գնաց ուրիշ թեկնուծու ունե՞նք, եթե կա՛, թող գա, իսկ ո՞վ կարող է մեզ այս իրավիճակից հանել:Ես համոզվեցի, որ մեր երկրում դեմոկրատիա չկա, մենք մնացել ենք սովետի ազդեցության տակ: Մեզ «պուպուշ» ղեկավար պետք չէ, մեզ ուժեղ դիկտատուրա է պետք, բայց հայրենասեր, ով չի լափի ժողովրդի փողերը, սրտացավ կլինի իր ազգի նկատմամբ: Ես ինքս ռուսամետ եմ, կարծում եմ, որ ռուսն իր դիրքերն ամրացնելով մեր տարածքում, գոնե մեր կողքին կլինի: Ես լավատես մարդ եմ, քանի որ մենք շատ ուժեղ ժողովուրդ ենք, մեզ միայն պակասում է սերն ու քաղաքակրթությունը, որն էլ մեզ կօգնի լինել ավելի ուժեղ եւ խորագետ: Թող Աստված օրհնի մեր ազգը»,-հավելում է երգչուհի Շպռոտը:


Նյութի աղբյուրը այստեղ ։