Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար




Նոյեմբերի 24-ին տեղի ունեցան ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 20-րդ տուրի հանդիպումները:

Արդեն չեմպիոնությունն ապահոված Ալմա-Աթայի «Կայրաթն» իր հանդիպումն անցկացրել էր դեռևս շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին՝ 2-3 հաշվով զիջելով «Կիզիլժարին»: «Կայրաթի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն էլ. փոխարինման մտնելով 76-րդ րոպեին, հիմնական ժամանակի վերջին րոպեին կարմիր քարտ էր ստացել:

Երեքշաբթի օրը կայացան 20-րդ տուրի 5 հանդիպումներ: Հայ ֆուտբոլիստների թիմերը՝ «Աստանան», «Տոբոլն» ու Կարագանդայի «Շախտյորը» պայքար են մղում 2-5-րդ հորիզոնականների համար:

Երկրորդ տեղը զբաղեցնելու ամենաիրական թեկնածուն «Տոբոլն» է, որը հանդես է գալիս հայ մարզիչ Գրիգորի Բաբայանի գլխավորությամբ: 20-րդ տուրում Բաբայանի սաները 2-0 հաշվով պարտության մատնեցին «Օկժետպեսին»: Ճիշտ է, «Տոբոլի» հայ ֆուտբոլիստները խաղին չմասնակցեցին. կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը հայտավորված էր պահեստայինների թվում, իսկ Արման Հովհաննիսյանը հերթական անգամ բացակայում էր խաղի հայտացուցակից:

Երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Աստանան» վերջապես ընդհատեց երեք հանդիպումներից բաղկացած պարտությունների շարքը: Մայրաքաղաքային թիմը 3-1 հաշվով հաղթեց «Կայսարին»: Այդ հաղթանակում իր ներդրումն ունեցավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 73-րդ րոպեին նա 11 մետրանոց վաստակեց անհատական անցումից հետո՝ օգնելով իր թիմին խփել երրորդ գնդակը: 87-րդ րոպեին Բարսեղյանը փոխարինվեց:

Այս տուրում անսպասելիորեն սայթաքեց Կարագանդայի «Շախտյորը», որը 1-2 հաշվով պարտվեց «Ժետիսուին»: Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ընդգրկված չէր կարագանդացիների հայտացուցակում: Մրցաշրջանի սկզբում Յուրչենկոն ապաքինվում էր վնասվածքից, այնուհետև, շարք վերադառնալով, դարձավ թիմի թիվ մեկ դարպասապահը, սակայն հետագայում կորցրեց մարզչական կազմի վստահոթյունը: Առաջնության հոկտեմբերյան խաղերում Յուրչենկոն պահեստայինների թվում էր, իսկ հիմա արդեն հայտացուցակում էլ չկա: Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստն արդեն հեռացել է թիմից: Ամեն դեպքում, եթե նույնիսկ Յուրչենկոն դեռ «Շախտյորի» կազմում է մարզվում, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից մրցաշրջան ավարտից հետո: Իսկ «Շախտյորի» կազմում իր հերթական հանդիպումն անցկացրեց Ղազախստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Գևորգ Նաջարյանը:

Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Տոբոլը» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 5 միավորով գերազանցելով երրորդ տեղում ընթացող «Աստանային»: Վերջինս 2 միավորի առավելություն ունի 4-րդ տեղում ընթացող «Օրդաբասիի» նկատմամբ: «Շախտյորը» վաստակած 26 միավորով այս պահին 5-րդ տեղում է:

Ղազախստանում հանդես եկող ևս մեկ հայ ֆուտբոլիստի՝ Ռուսլան Կորյանի թիմը՝ «Կիզիլժարը», ընթանում է 9-րդ տեղում: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիտը միացել է թիմին մրցաշրջանի կեսից և հիմնականում դուրս է գալիս փոխարինման: Երեքշաբթի օրը տեղի ունեցած հետ խաղում Կորյանի թիմը կարողացավ միավորներ խլել մրցանակային տեղերի համար պայքարող «Օրդաբասիից». խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: 9-րդ տեղը թույլ կտա «Կիզիլժարին» պահպանել տեղն ուժեղագույնների խմբում: Կորյանն առաջնությունում անցկացրած իր 7 խաղերում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: