«00-ն կապի մեջ է». Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«00-ն կապի մեջ է». Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է




Այսօր` նոյեմբերի 25-ին լրանում է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանի, կամ մարտունեցիների շրջանում հայտնի Ավոյի ծննդյան 63-րդ տարելիցը: Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վայսելիա քաղաքում:

Սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, ապա ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիայի փոխարեն մեկնել է Արևմտյան Հայաստան` Վասպուրականի ժայռափոր դամբարանների ուսումնասիրման համար: Ի դեպ, Մոնթեի հեղինակած «Ուրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» գիտական աշխատանքը հրատարակվել է Մոնթեի զոհվելուց հետո` 1995 թվականին:

Մոնթեն Հայաստան է եկել 1991 թվականին` Արցախյան ազատամարտին մասնակցելու համար, հիմնել է «Հայրենասերների» ջոկատը, ապա ստանձնել Մարտունու շրջանի պաշտպանությունը: Մոնթեն առանցքային դեր է ունեցել նաև Քարվաճառի ազատագրման մարտում: Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում` ադրբեջանական զրահամեքենայի(ԲՄՊ) կրակոցից: Հետմահու արժանացել է բարձրագույն զինվորական պարգևների` հայկական երկու պետությունների կողմից:

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ: Մոնթեի ընտանիքի անդամները վերջին անգամ Հայաստանում էին երկու տարի առաջ` 2018 թվականին: Հերոսի մահվան 25-րդ տարելիցի շրջանակում նրա հարազատները Մարտունիում էին: