Լրահոս

Մոուրինյո. Ես արդեն կարոտում եմ Մարադոնային




Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվանը:

«Մարադոնան այն մարդն է, որի մասին ես կարող եմ չխոսել, քանի որ նրա մասին գիտի ամբողջ աշխարհը: Ոչ ոք չի մոռանա Մարադոնային, նա տարբերվող էր:

Ցանկացած պահի մենք կարող ենք Google-ում որոնել և դիտել նրա խաղը, սակայն, ցավոք, Մարադոնային մենք այլևս չենք տեսնի: Ես արդեն կարոտում եմ նրան»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է BT Sports-ը:

Հիշեցնենք, որ 60-ամյա Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։

Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: