Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները․ Armtimes.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները․ Armtimes.com



Armtimes.com-ը գրում է․

Նոյեմբերի 25-ին մահացավ լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: Աշխարհով մեկ բոլոր ֆուտբոլասերները սգում են նրա մահը: Մարադոնային ճանաչում են բոլորը, սակայն հայկական ֆուտբոլը լեգենդար խաղացողի հետ կապված է նաև հետաքրքիր մի հանդիպումով, որը տեղի է ունեցել 14 տարի առաջ:

1996 թվականի փետրվարի 2-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ամերիկյան շրջագայության շրջանակներում ընկերական հանդիպում անցկացրեց արգենտինական աշխարհահռչակ «Բոկա Խունիորս» ակումբի հետ: Արգենտինացիների կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Դիեգո Մարադոնան և Կլաուդիո Կանիջան: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով. Կանիջայի՝ խաղի սկզբում խփած գնդակին Հայաստանի հավաքականը երկրորդ կեսում պատասխանեց Արթուր Պետրոսյանի խփած գեղեցիկ գոլով:

«Հայկական ժամանակը» զրուցեց այդ խաղի մասնակիցներից մեկի՝ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, ներկայումս՝ «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի հետ հանդիպման ուշագրավ դրվագների մասին.

«Բոլորիս համար էլ երազանք էր նրանց հետ խաղալը, հատկապես, որ ինքն էլ՝ Մարադոնան էլ մասնակցում էր։ Ամբողջ աշխարհը տեսել է նրա խաղը, գիտի, ավելացնելու բան չկա»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքերը կրկնում է նաև հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը. «Դարի ամենաուժեղ ֆուտբոլիստն էր։ Նրա մասին արդեն ամեն ինչ ասված է։ Շատերը հիմա Մեսսիին համեմատում են նրա հետ, բայց ես, միևնույն է, Մարադոնային ավելի բարձր եմ գնահատում»։

Գրիգորյանը հիշում է, որ լինելով կենդանի լեգենդ, Մարադոնան տարբերություն չէր դնում իր և մյուսների միջև. «Խաղից հետո ճաշկերույթ եղավ, Մարադոնան, լեգենդ լինելով, միացավ մեզ, 2-3 ժամ շփվել ենք, շատ լավ հիշողություններ են մնացել այդ օրվանից»։

Խորեն Հովհաննիսյանը պատմական այդ հանդիպմանը ներկա չէր եղել, նա չէր մեկնել թիմի հետ ԱՄՆ: Բայց երկու լեգենդները, որոնց մասնագետները շատ էին նմանեցնում իրենց խաղաոճերով, իրար հանդիպելու մի քանի առիթներ ունեցել են՝ թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս. «Հանդիպեցինք Ուզբեկստանում, երբ Տաշքենդի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչն էի, մտերիմ զրույց ունեցանք։ Երկու անգամ էլ խաղացել ենք իրար դեմ՝ ԽՍՀՄ - Արգենտինա հանդիպումների ժամանակ (մեկը՝ 1982թ․-ի աշխարհի առաջնության, մյուսը՝ ընկերական հանդիպման ժամանակ - խմբ.)»,- վերհիշում է Հովհաննիսյանը։

Ռազմիկ Գրիգորյանին շատ է տպավորել Մարադոնայի ցուցադրած խաղը Հայաստանի հավաքականի հետ. «Հիմա, երբ նայում ենք այդ խաղի տեսագրությունը, իրեն ենք փնտրում, իր գործողություններին հետևում։ Այնպիսի բաներ էր անում, որ ֆուտբոլային տրամաբանությունից դուրս է։ Մեջքով կանգնած՝ այնպիսի փոխանցում կատարեց, որ շատերը հիմա դեմքով կանգնած չեն կարողանա կատարել»։

«Շատ հայտնի ֆուտբոլիստներ կերազեին խաղալ իր հետ, բայց չեն կարողացել, իսկ մենք բախտ ունեցանք խաղալու լեգենդի հետ»,- եզրափակում է Գրիգորյանը։


Նյութի աղբյուրը այստեղ ։