Ոտքից վիրավոր էր, հիվանդ էր, սակայն մինչև վերջին օրը չլքեց դիրքը․ հերոս Հովհաննեսը խրամատից անդին․ evnnews.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ոտքից վիրավոր էր, հիվանդ էր, սակայն մինչև վերջին օրը չլքեց դիրքը․ հերոս Հովհաննեսը խրամատից անդին․ evnnews.com



Evnnews.com-ը գրում է․

2001 թվականին ծնված Հովհաննես Հովհաննիսյանը պատերազմի անմահ հերոսներից մեկն է։ Հորեղբոր աղջիկը՝ Սեդան, պատմում է՝ հանգիստ էր, համբերատար, ուշադիր, հոգատար ու ընկերասեր։ Երբեք ոչ մեկին ինչ-որ հարցում չի մերժել։

Հովհաննեսը պատերազմի առաջին իսկ օրից եղել է կռվի թեժ կետերից մեկում։ 32 օր շարունակ, առանց ոչ մի վայրկյան վարանելու, կյանքի ու մահվան կռիվ է տվել։ Սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ 60 հոգու փրկել է պայթյունի ժամանակ։



«Շատ ոգևորված էր, ասում էր՝ լավ է լինելու, չնայած ոտքից վիրավոր էր ու հիվանդ։ Մայրը ասել էր, որ գոնե դեղ խմի, պատասխանել էր՝ դրա ժամանակը չկա, լավ եմ ու չեմ լքելու դիրքը»,- պատմում է Սեդան։

Հովհաննեսը ապագայի հետ կապված բազում նպատակներ ուներ․ երազում էր ծրագրավորող դառնալու մասին։ Սեդայի խոսքով՝ երբ արձակուրդ էր եկել, քայլում էինք գյուղում, ասել է, որ տետրերը հետը տանելու է զորամաս, պարապելու է, որ վերադառնալուց հետո ընդունվի համալսարան։



Դպրոցական տարիներին Հովհաննեսը շատ ակտիվ է եղել, նույնիսկ միջոցառումներն ու էքսկուրսիաները մեծ մասամբ ինքն էր կազմակերպում։ Ավարտել էր Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցը։

«Դաստիարակված էր, երբեք ոչ մի ավելորդ բառ, շարժում չէի նկատի, միևնույն ժամանակ նաև շատ աշխույժ էր․ տարբերվում էր մնացածից։ Երբ նկատողություն էի անում, միանգամից գլուխն էնպես էր կախում, որ փոշմանում էի ասածիս համար»,- նշում է նրա կենսաբանության ուսուցչուհին՝ տիկին Մարիամը։



Չափազանց հայերենասեր էր։ Հնարավորություն ուներ գնալ իր հարազատ հորեղբոր մոտ՝ Շվեյցարիա, սակայն դրա մասին չէր էլ մտածում։ Բազմաղբյուրից էր, պաշտում էր իր գյուղը։ Պատերազմի ընթացքում տեսազանգով կապ էր հաստատել ծնողների հետ ու խնդրել, որ տունն ու բակը ցույց տան։



Մարտերի ժամանակ մի քանի անգամ մահը կողքով էր անցել, բոլորը վստահ էին, որ վերադառնալու է, որ Աստծո պահած է, սակայն այդպես չեղավ։

«Երանի ինձ ու էն մարդկանց, ովքեր ճանաչել ու առիթ են ունեցել շփվելու Հովոյիս հետ, որովհետև նա ուրիշ էր, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված»,- հավելեց Սեդան։


Նյութի աղբյուրը այստեղ ։