Լրահոս

Ի՞նչ երգով Հայաստանն այս տարի պետք է մասնակցեր «Մանկական Եվրատեսիլ»-ին. Մալենան թողարկել է մրցութային ստեղծագործությունը




Այսօր Լեհաստանում պարզ է դառնալու «Մանկական Եվրատեսիլ 2020»-ի հաղթողի անունը: Չնայած Հայաստանն այս տարի չի մասնակցում երգի մրցույթին՝ երգչուհի Մալենան, որը պետք է դառնար մեր այս տարվա ներկայացուցիչը, թողարկել է այն երգը, որով պետք է ներկայացներ Հայաստանը Վարշավայում անցկացվող մրցույթում: Երգը կոչվում է Why («Ինչու»): Այն հեղինակել են Սյուզաննա Խանզադյանը, Դավիթ Ծերունյանն ու tokio9-ը:

«Եվրատեսիլը» լուսաբանող ամենահայտնի կայքերից մեկը՝ Wiwibloggs-ը, եւս անդրադարձել է Հայաստանի երգին՝ այն բնորոշելով՝ որպես «երազկոտ» ստեղծագործություն, որը ներկայացված է, ինչպես հայերենով, այնպես էլ՝ անգլերենով:

«Եվրոպայի տարբեր երկրների 12 մասնակից այսօր կպարզեն, թե ինչ արդյունք իրենց երգերը կգրանցեն «Մանկական Եվրատեսիլ 2020»-ին, մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչ Մալենան, որը չի մասնակցում այս տարվա մրցույթին, այնուամենայնիվ, թողարկել է այն երգը, որը կհնչեր մրցույթում Հայաստանի մասնակցության դեպքում: Այն կոչվում է Why»:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին։ Համաձայն հաղորդագրության՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։