Ինչո՞ւ չենք կարողանում պատասխանել «եթե Նիկոլը չէ, ապա ո՞վ» հարցին. Արամ Անտինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչո՞ւ չենք կարողանում պատասխանել «եթե Նիկոլը չէ, ապա ո՞վ» հարցին. Արամ Անտինյան




Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր հողերը մեկ ստորագրությամբ հանձնվել ու հանձնվում են, զոհված ու գերեվարված են մեր տղերքը, երկրում անիշխանություն է, մենք բարոյալքված ենք, խաբված, կոտրված ու հիասթափված, մտածում ենք գլուխներս հողի տակ մտցնելու ու արտագաղթելու մասին… Բայց վախենում ենք ազատվել կապիտուլյանտ Փաշինյանից, որովհետև չենք ուզում, որ Փաշինյանից հետո հանկարծ վերադառնան «նախկինները»: Ու երբ մեր շրջապատում որևէ մեկը խոսում է Փաշինյանից ազատվելու մասին, կտրուկ հակադարձում ենք, որ մենք էլ ենք դժգոհ այս վիճակից, բայց եթե Նիկոլը չէ, բա ո՞վ գա:

Իրականում սա շատ ցավալի հարցադրում է: Ավելին՝ ստորացուցիչ է. ավելի ստորացուցիչ, քան այս պարտությունն ու ևս հազար նման պարտություն: Հնչեցնելով այս հարցադրումը՝ ՀՀ ամեն գիտակից կամ ոչ գիտակից քաղաքացի այդ պահին մեզ՝ որպես ազգի, որպես ժողովրդի կամ որպես պետության, դասում է ցածր բոլորից, որովհետև սա հարց է այն մասին, որ մենք չունենք սերուցք, չունենք էլիտա ու, կարճ ասած, չունենք ապագա: Գյուստավ Լը Բոնն ասում էր՝ բոլոր ազգերն իրար նման են, տարբեր են միայն էլիտաներն ու հենց էլիտաներն են ազգերին իրարից տարբեր դարձնում: Եթե մենք էլիտա չունենք ու կարծում ենք, որ ուռած էգոյով անգրագետ, գավառական դավաճանը մեզնից լավագույնն է, ու ոչ ոք չի կարող նրան փոխարինել, ապա ոչ թե վերանալու ենք, այլ արդեն վերջացած ենք:

Իսկ եթե գավառական դավաճանը մեզնից լավագույնը չէ, ու այս պնդման հետ համաձայն չեք, ապա ինչո՞ւ է այդքան շատ մարդ մեր շրջապատում այս ցավալի հարցը հնչեցնում:

Ինձ թույլ եմ տալու պնդել, որ այս հարցադրումն անողները, մերժելով Նիկոլ Փաշինյան անձը, դեռ չեն կարողացել ազատվել նրա ներմուծած կլիշեներից ու, ատելով այդ մարդուն, դեռ դատում են այդ մարդու առաջ բերած թունավոր պիտակներով: Նրանք համարում են, որ Փաշինյանը վերջացած է, բայց դեռ հավատում են, որ կան սևեր ու սպիտակներ, նախկիններ ու ներկաներ, վնգստացողներ ու անձայն ենթարկվողներ… Այսինքն՝ ժամանակագրությանը նայում են Փաշինյանի պրիզմայից՝ պատմությունը բաժանելով երկու մասի՝ Փաշինյանից առաջ եղածը համարելով նախկին, նրանից հետո եղածը՝ ներկա: Ներծծված լինելով այդ կլիշեներով՝ նրանք վերլուծում են, որ եթե նախկին սևերը վատն էին, իսկ Փաշինյանի սպիտակ թիմից բան դուրս չեկավ, ուրեմն՝ ամեն ինչ վերջացած է: Իսկ այդպես համարողներից ամենահամարձակները հույսի փոքրիկ տեղ են թողնում՝ հավատալով փրկչի գալստյանը, ով նորովի կառաջնորդի երկիրը ու կբերի փրկություն ամոթից, խայտառակությունից, գլխիկորությունից: Բայց պահանջները, որոնք առաջ են բերվում փրկչի համար, ցավոք, աներևակայելի են ու անհնար բավարարման համար, անգամ ամենալավ փրկչի համար: Փաշինյանական կլիշեներով մտածելու արդյունքում մարդիկ ուզում են, որ․

– Նոր առաջնորդը չլինի ո՛չ նախկին, ո՛չ ներկա,
– Լինի հարուստ, որ չթալանի, բայց չլինի Հայաստանում հարստացած, որովհետև այստեղ բոլոր հարստացածները թալանչի են,
– Երբեք զբաղված չլինի քաղաքականությամբ, բայց լինի քաղաքականության մեջ փորձառու ու հասուն, ու ճիշտ որոշումներ կայացնելով՝ մեզ հանի այս վիճակից,
– Կապ չունենա ոչ մի քաղաքական ուժի հետ, որովհետև բոլորից հոգնել ենք, բայց լինի բոլոր ուժերի կողմից ընդունելի,
– Երբեք պետական կառավարմամբ զբաղված չլինի, բայց ունենա մի քանի հարյուրի հասնող պրոֆեսիոնալ կառավարիչների թիմ, որոնք առաջին հերթին մասնագիտացած կլինեն հակաճգնաժամային կառավարման մեջ,
– Ոչ մի երկրի էլիտայի հետ մոտ հարաբերություններ չունենա, որ չհամարենք նրան գործակալ, բայց այնպես բանակցի, որ աշխարհի հզորները մեզ համար զիջումների գնան,
– Ոչինչ չտա աշխարհին, բայց երբ աշխարհից պահանջի, անմիջապես իրեն տան, ինչ ուզել է։

Ինչպես ասացի, այս պահանջները բավարարելն անհնար է, որովհետև բոլոր կետերը հակասում են իրար: Միով բանիվ, մերժելով Փաշինյանին, հիմա պետք է մերժել այդ կլիշեներն ու կոտրել փաշինյանական այդ փակ շղթան: Պետք է ընդունել, որ իրականում չկա ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ու դա միայն Փաշինյանի հորինած ու միայն Փաշինյանի համար օգտակար տարաբաժանումն է: Պետք է ընդունել, որ չկան սևեր ու սպիտակներ, կան մարդիկ, մասնագետներ, որոնք ապրել են մեր երկում, աշխատել են շատ իշխանությունների ժամանակ ու նրանք կազմում են հայ ազգի մի մասը, որն այսօր փրկության կարիք ունի: Կարող եք մերժել մի քանի անձի, բայց ոչ նախորդ 30 տարին. դա ինքնասպանություն է:

Նաև պետք է մոռանալ, որ սերը քաղաքական կատեգորիա է, ու պետք է մոռանալ առաջնորդին սիրելու մասին: Անցումային կառավարություն ձևավորելուց հետո ընտրություններում հենց ծրագրերին ու ծրագրերին պետք է քվեարկել: Պետք է հասկանալ՝ ով ինչպես է պատկերացնում մի շարք հստակ խնդիրների լուծումներ, որոնցից առաջնայինն ինձ համար ԼՂՀ սահմանների ճշգրտումն է: Փաշինյանից ազատվելուց հետո կլինեն լավ ծրագրեր էլ, լավ իրականացնողներ էլ, դրանում չեմ կասկածում: Ամենակարևորը, որ, ինչպես Սերժից հոգնած ընտրեցիք, ում պատահի, հիմա էլ նույնը չանենք: Ծրագրերը կարդալու համար են, պետք է կարդալ ու որոշել: Իսկ եթե հանկարծ կստացվի, որ որևէ ուժ չի ստացել միայնակ կառավարություն ձևավորելու մանդատ, ապա մի քանի ուժեր միասին կփորձեն իրականացնել համատեղ ծրագրեր:

Իսկ երբ պարտված Փաշինյանն իրեն ճանապարհել ցանկացողներին հանկարծ կփորձի նորից մեղադրել աթոռակռվի մեջ, իսկ դուք կհավատաք, պարզապես մտածեք, որ ասածս նոր կառավարությունը ստիպված է լինելու կռվել ապատիայի, ռեցեսիայի, ինֆլյացիայի, արտագաղթի նոր թափի, կորոնավիրուսի, փախստականների խնդրի, անվտանգային խնդրի դեմ, արտաքին դիվանագիտություն ունենալու համար և այլն … Սրան գումարեք նաև փաստը, որ մեր ժողովուրդը դժգոհ է եղել իր նախորդ բոլոր իշխանավորներից ու մեկին պիտակել է քոռ, հող հանձնող, մյուսին՝ արնախում ու մարտի մեկի կազմակերպիչ, մյուսին էլ՝ մարտի մեկի արյամբ իշխանության եկած, ու կտեսնեք, որ հավանականությունը, որ գալիք իշխանություններին գոնե չեն ատի, չնչին է: Սրա մասին հաստատ գիտեն գալիք գործիչները, բայց պայքարում են, ինչո՞ւ: Պայքարում են, որ փո՞ղ դիզեն: Դեռ այնքան հիմար եք, որ կարծում եք, որ նոր իշխանությունը մոնոպոլիաներ բաժանելով է զբաղված լինելու: Ո՞ւմ է պետք լինելու փողը, եթե չի լինելու երկիր, որտեղ այն կծախսես: Ուշքի եկեք, սա այլ բանի համար պայքար է: Ոչ թե պիտակեք ու վատաբանեք, այլ հակառակն արեք՝ խնդրեք, որ որևէ խելացի թիմ վերցնի այս բեռը: Հիմա կռիվը ազգի պատվի ու այդ պատիվն ազգին վերադարձնելու համար է, ու այս նոր կռվում իրավունք չունենք պարտվելու»: