Այրվել են պապը, տատը եւ թոռնուհին, մայրը որդու հետ կարողացել է դուրս գալ մեքենայից. Հացաշենի ավտովթարի մանրամասները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այրվել են պապը, տատը եւ թոռնուհին, մայրը որդու հետ կարողացել է դուրս գալ մեքենայից. Հացաշենի ավտովթարի մանրամասները




Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքում այսօր՝ դեկտեմբերի 1-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացել են պապը, տատը եւ թոռնուհին, իսկ մայրը որդու հետ կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Հացաշենի համայնքապետ Վաչագան Դավթյանը։

Նա պատմեց, որ ուղեւորները Մեծամոր քաղաքից էին գալիս, գնում էին Շիրակի մարզի գյուղերից մեկը. նախնական վարկածով՝ ավտովթարը տեղի է ունեցել՝ ավտոճանապարհի մերկասառույցի պատճառով։

NEWS.am-ին Թալինի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ մայրն ու որդին արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

«Մեքենայում եղել են 5 հոգի, որից 3-ը մահացել են հենց տեղում։ Շտապ օգնության մեքենայի հասնելը երեւի 5 րոպե էլ չի տեւել, բայց արդեն մահացած են եղել։ Երեխայի մայրն ու մորեղբայրը տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք։ Նրանց առողջական վիճակը բավարար է, նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տղան որեւէ վնասվածք չուներ, մայրը ճակատային հատվածում մի փոքր այրվածք ուներ»,- հայտնեցին բժշկական կենտրոնից։

Թալինի բժշկական կենտրոնից հայտնեցին նաեւ, որ մահացածների դիերն ուղարկվել են Աշտարակ՝ դատաբժշկական փորձաքննության։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Toyota» (վարորդ՝ Իշխան Մ․ ծնված 1952 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և այրվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Վարդենիկ Մ․-ն (ծնված 1955 թ.) և Մարգարիտ Ն․-ն (ծնված 2009 թ.) այրվել են, իսկ մյուս ուղևորներ՝ Արմինե Մ․-ն (ծնված 1982 թ.) և Ժիրայր Ն․-ն (ծնված 2003 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել են Թալինի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 10:24-ին, մարվել` 10:28-ին: