Լրահոս

«Լեեր-3»-ը Ղարաբաղում. Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները ՌԷՊ համալիրներ տեղակայել


 
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համալիրների տեղակայումն իրական ռեզոնանս է առաջացրել ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցներում, գրում է «Ռեպորտյոր»-ը:

Ընդհանուր առմամբ ռուսական ՌԷՊ համալիրներն արդեն հասցրել են բարձր հեղինակություն վաստակել. նման սարքերի միջոցով շարքից հանվել է ամերիկյան «Դոնալդ Քուք» էսկադրային ականակրի էլեկտրոնիկան, հարկադիր վայրէջք է կատարել MQ-5B ԱԹՍ-ն, մի քանի ամիս առաջ Սիրիայում փաստացի «կաթվածահար է եղել» AH-64 Apache հարվածային ուղղաթիռը: Եվ դա ամենը չէ:

Ինչ վերաբերում է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տրամադրության տակ հայտնված ՌԲ-341Վ «Լեեր-3» համալիրներին, ապա այն նախատեսված է ընդհուպ մինչեւ 4G կապով բջջային կապի սարքերի աշխատանքը խափանելու կամ շեղելու համար:

Ընդ որում, եռասռնանի ԿամԱԶ-ի հիմքով շարժական համալիրը հագեցած է երեք «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերով: Վերջիններս կարող են գործել հրամանատարական կետից մինչեւ 120 կմ հեռավորության վրա եւ ճնշել կապը 6 կմ շառավղով։ Բացի այդ, տվյալ ԱԹՍ-ները կարող էն «ձեւանալ» բջջային աշտարակ՝ թրաֆիկը որսալու եւ կեղծ հաղորդագրություններ ուղարկելու համար:

Չնայած նրան, որ ադրբեջանական լրատվամիջոցները ռուսական համալիրն իրական վտանգ են համարում ԱԹՍ-ների համար, այն նախատեսված է այլ բանի համար: Առաջին հերթին, ՌԲ-341Վ «Լեեր-3» համալիրները ռուս զինվորականներին թույլ կտան արդյունավետ վերահսկել Լեռնային Ղարաբաղի դժվար հասանելի վայրերը: