Լրահոս

Լևոն Տեր–Պետրոսյանի հոկտեմբերի 19–ի չհրապարակված հայտարարության տեքստը. ilur.am




Ինչպես արդեն նշել էինք, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին: Նրանք, մասնավորապես ասել էին, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և հրապարակել էին Արայիկ Հարությունյանի կողմից գրված նամակները:

iLur.am-ը հրապարակել է այս նամակը՝ իր կողմից ավելացնելով հետևյալը․

«Ի հավելումն վերը նշվածի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև ՀՀ նախկին նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը․ որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար: Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, եւ նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը: Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը. «Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը. Լևոն Տեր-Պետրոսյան»:

Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից»: