«Եղբորս ճանաչողները պատմել են, որ օգնել է մի քանի վիրավոր զինվորի». Իրինա Այվազյանը՝ հոկտեմբերի 12-ից ժամկետային զինծառայող եղբորից լուր չունենալու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եղբորս ճանաչողները պատմել են, որ օգնել է մի քանի վիրավոր զինվորի». Իրինա Այվազյանը՝ հոկտեմբերի 12-ից ժամկետային զինծառայող եղբորից լուր չունենալու մասին




2020 թվականը ծանր տարի էր, Հայաստանի համար այն առավել ծանր դարձավ՝ պայմանավորված Արցախյան պատերազմով: Դերասանուհի Իրինա Այվազյանի հարազատ եղբայրը՝ Արսենը, ով ժամկետային զինծառայող է, հոկտեբերի 12-ից հետո չի զանգել: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ մինչև պատերազմն էլ կանխազգում էր, որ ինչ-որ վատ բան է լինելու:

«Մինչև ծննդյանս օրը՝ Սևան գնալուց առաջ, ինձ վատ էի զգում, ինչ-որ վատ կանխազգացում ունեի, լացում էի, ընկերներս ծիծաղում էին: Սեպտեմբերի 26-ին ես Սևանում էի, նշում էինք 25-ամյակս, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, արթնացա ընկերներիս ձայներից, ովքեր կողքի սենյակում բարձր խոսում էին: Մտածեցի՝ լավ ժամանակ են անցկացնում, պարզվեց՝ պատերազմ է, այդ մասին էին բարձր ձայնով խոսում: Առաջինը մտածեցի իմ ընկերներից մեկի մասին, ով Ստեփանակերտում էր այդ պահին, հետո էլ եղբորս ու մնացած ընկերներիս մասին, ովքեր Արցախում էին, շոկային իրավիճակ էր»,- ասաց նա:

Իրինայի խոսքով՝ եղբայրը՝ Արսենը, նորակոչիկ է, բանակ է զորակոչվել ամռանը, հոկտեմբերի 12-ից հետո նրա հետ կապ չեն ունեցել:

«Պատերազմի սկզբնական շրջանում բավականին ուշ-ուշ էր զանգում, առաջին օրերին մոտ տասը օր չէր զանգել, հետո զանգեց երկու-երեք օր ու նորից սկսեց չզանգել: Վերջին անգամ իր հետ խոսել ենք հոկտեմբերիի 12-ին: Դիմել ենք հնարավոր ու անհնար ամեն տեղ ու հասկացել, որ ոչինչ չենք կարող անել, ամեն ինչ արել ենք, պետք է նստենք տանն ու սպասենք,- ասաց նա և հավելեց, որ նաև Ինստագրամում էլ է տեղադրել եղբոր լուսանկարը, շատ արձագանքներ են եղել,- Շատերն ուղղակի գրել էին, որ պատասխան նամակ ուղարկեմ, շատերին հանդիպելուց հետո հասկացանք, որ սխալվել են: Եղբորս ճանաչողները պատմել են, որ նա օգնել է մի քանի վիրավոր զինվորի, բայց շատ բան չգիտենք, որովհետև նորակոչիկներին դեռ շատ մարդ չի հասցրել ճանաչել»:

Դերասանուհին իր ապրումների մասին քչախոս է, թեև այս շրջանը բարդ է իր ու ընտանիքի համար: Նա անդրադարձավ նաև սոցցանցերին՝ նշելով, որ պատերազմական շրջանից մինչև հիմա հրապարակումներ է արել, որոնք կապված էին պատերազմի, կորած զինվորների հետ: