Լրահոս

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles




Հոլիվուդի հայազգի հայտնի աստղերն իրենց վրդովմունքն են հայտնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հանդեպ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի նկատմամբ: Նրանք կոչ են անում գերությունից ազատել 110 հայ ռազմագերիներին: Այս մասին գրում է Fox 11 Los Angeles-ը՝ հավելելով, որ երկու երկրների միջև պատերազմն ավարտվել է երեք շաբաթ առաջ, սակայն տեսանյութերը ցույց են տալիս, որ գերեվարված հայ զինվորներն ու խաղաղ բնակիչները շարունակում են խոշտանգվել ու սպանվել:

«Փոփ-երգչուհի Շերը գերտերությունների առաջնորդներին խնդրում է անդրադառնալ ադրբեջանական ագրեսիային: Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելուց զատ, նույնպես բարձրաձայնում է այդ մասին: Իսկ System of a Down ռոք խումբը 15 տարվա դադարից հետո թողարկեց երկու նոր երգ՝ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և հանգանակված գումարով մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Սրանից զատ, ամերիկահայ հայտնի այս ռոքերները լոբբիստական գործունեություն են իրականացնում նաև արդարության համար»,- ասվում է հոդվածում:

«Մեր ժողովրդի նկատմամբ կատարված անարդարությունը ինձ դարձրեց ակտիվիստ: Եվ այսպես, տեսնելով բռնապետական ռեժիմի կողմից այս տեսակի անարդարությունը, որը նույնիսկ պատերազմից հետո խոշտանգում է ռազմագերիներին, զզվելի է: Ադրբեջանցիները տեսանյութեր են շրջանառում սոցիալական ցանցերում՝ «Տիկտոկի» և «Տելեգրամի» նման հավելվածներում: Գրաֆիկական տեսանյութերը ցույց են տալիս խաղաղ բնակիչների ու զինվորների խեղումն ու սպանությունը: Ելնելով այն բանից, թե ինչ են արել իրենց զինվորները և վարձկանները պատերազմի ընթացքում. գլխատումները, մորթերը, մաշկելը, ռազմագերիների հանդեպ ցուցաբարվող դաժանությունները, անգամ՝ դիակների: Դա իսկապես, այո՛, ցույց է տալիս, թե ինչ տեսակի թշնամի է պայքարում հայկական ուժերի դեմ»,- Սերժ Թանկյանի խոսքերն է մեջբերում Fox 11 Los Angeles-ը:

Դերասանուհի և ակտիվիստ Արսինե Խաջյանը, որը նկարահանվել է «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմում, նույնպես շատ զայրացած և վրդովված է այն բանի համար, ինչը նա անվանում է բարբարոսական հանցագործություններ. «Դրանք բոլորն էլ իրենց բնույթով շատ վրդովեցուցիչ են, շատ բռնի, աներևակայելի են այդ հարցում: Միջազգային օրենքները պահանջում են ռազմագերիների անհապաղ փոխանակում, բայց ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Կարմիր խաչը ի վիճակի չեն պատասխաններ ստանալ Ադրբեջանից»,- ասում է Արսինե Խանջյանը:

Fox 11 Los Angeles-ը հոդվածում մեջբերել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքերից: