Դավիթի երազանքը՝ տղա ունենալը, կատարվեց, բայց շատ այլ երազանքներ անկատար մնացին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դավիթի երազանքը՝ տղա ունենալը, կատարվեց, բայց շատ այլ երազանքներ անկատար մնացին




Պատերազմում հերոսաբար զոհված մայոր Դավիթ Թևանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, 31 տարեկան: Ամուսնացած էր, ունի երկու երեխա: Նրա կինը՝ Համեստ Պողոսյանը, ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ Դավիթի համար ընտանիքը մի տեղում էր, աշխատանքը՝ մեկ այլ:

«Զինվորական կյանքը անհամեմատելի շատ էր սիրում, երբեք չի տատանվել մասնագիտության ընտրության հարցում: Իր աշխատանքը սիրով էր անում, զորքի հետ և՛ խիստ էր, և՛ ընկերական»,- ասում է Համեստն ու հավելում, որ երբևէ դեմ չի եղել Դավիթի մասնագիտական ընտրությանը, քանի որ նա նվիրված էր իր գործին:

Կնոջ խոսքով՝ 15 տարի կյանքը զինվորական գործին նվիրած մայոր Դավիթը հրամանատարի զոհվելուց հետո վիրավորվել է, բայց հոսպիտալ չի գնացել՝ ասելով, որ զինվորներին մենակ չի թողնի: Հրամանատարի զոհվելուց հետո ինքն է դարձել զորամասի հրամանատար:

Դավիթի երազանքներից խոսելիս՝ կինը հիշում է, որ նա միշտ երազում էր տղա ունենալ. երազանքը կատարվեց, ու Դավիթը նրան կնքեց հոր անունով՝ Սամվել, բայց երեխաների հետ կապված բոլոր երազանքներն անկատար մնացին...

«Երբեք ոչ մի բանից չէր վախենում, ինչ նպատակ դնում էր իր առաջ, պետք է հասներ, պատերազմի ժամանակ էլ ոչնչից չվախեցավ»:

Կինն ասում է՝ Դավիթն ապագայում էլ ուզում էր զինվորական գործը շարունակել...