«Իսկ ազգի տղերքը, ում ձեռքին է զենքը՝ մահվան դեմ գիշեր են լուսացնում…». Արցախում զոհված Ռաֆայելի վերջին գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իսկ ազգի տղերքը, ում ձեռքին է զենքը՝ մահվան դեմ գիշեր են լուսացնում…». Արցախում զոհված Ռաֆայելի վերջին գրառումը


«Հայոց թագավոր եմ կորցրել, հայոց թագավոր, այդպիսի տղա ամբողջ աշխարհում չկար». 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 29-ամյա Ռաֆայել Հովսեփի Նահապետյանի մայրը՝ Էմմա Իվանյանը:

«Ծեր ծնողներ ենք, վաթսունյոթս լրացել է, ամուսինս էլ վաթսունութ է, մեզ համար շատ ծանր է Ռաֆայելիս կորուստը: Ես ունեմ 4 երեխա՝ 2 տղա, 2 աղջիկ, ինքն ամենափոքրն էր, մյուս երեխաներս իրենից 15 տարի մեծ են, ես մեծ տարիքում՝ 38 տարեկանում եմ Ռաֆայելիս ունեցել, ինքը մեր տան փոքրն էր, իրենով էինք ապրում բոլորս, մեր տան հույսը, ապավենն ինքն էր»,- ասաց տիկին Էմման:

Նա պատմեց, որ տղան բարձրագույն կրթություն էր ստացել Գյումրիում, այնուհետև ուսումը շարունակել էր Երևանում:

«Դեռ մանկուց նկատվում էր, որ Ռաֆայելս շատ խելացի է, հազարներ էր հանում ու գումարում: Դպրոցը գերազանց ավարտեց, լրիվ գովասանագրերով, իր խելքով ընդունվեց Գյումրու ճարտարագիտական համալսարանի էլեկտրաէներգետիկայի բաժինը, վճարովի ընդունվեց, բայց ընթացքում փոխվեց անվճար: Այնուհետև Երևանում մագիստրատուրա ընդունվեց էներգետիկայի գծով, էլի 80 հոգուց միայն ինքն անցավ: Շատ խելացի էր, շատ լավ էներգետիկ էր: Մագիստրատուրան որ ընդունվեց, գնաց բանակ, վերադարձավ, նորից շարունակեց ուսումը, կարմիր դիպլոմով ավարտեց: Բանակում ՀՕՊ-ի վրա է ծառայել, էլի գերազանց է ծառայել, վերադարձել է»,- պատմեց Ռաֆայելի մայրը: